Թրամփն արջի ծառայությո՞ւն է մատուցել Իսրայելին․․․

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն այն մասին, որ բռնազավթված սիրիական Գոլանի բարձունքը պատկանում է Իսրայելին, աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Բայց բուն ԱՄՆ-ում մի շարք փորձագետներ չեն դադարում հարց տալ. ինչի՞ համար էր դա պետք հիմա։

Պենտագոնի նախկին խորհրդական Դով Ս. Զաքհեյմը հոդվածով հանդես է եկել ամերիկյան «The Hill» պարբերականում։ Կարծում եմ, Հայաստանի քաղաքացիներին հետաքրքիր կլինի այդ հոդվածի համառոտ բովանդակությունը, հաշվի առնելով, որ Սիրիայում ներկայումս բախվում են աշխարհի բազմաթիվ տերությունների շահեր։

«Երբ 1992թ. հուլիսին Իցհակ Ռաբինը կրկին զբաղեցրեց Իսրայելի վարչապետի պաշտոնը, այն ժամանակ ԱՄՆ-ում Սիրիայի դեսպան Վալիդ Մուալլեմը ինձ խնդրեց հանդիպել Ռաբինի հետ,- գրել է Զաքհեյմը։- Մուալլեմն ասաց, որ Սիրիայի այն ժամանակվա նախագահ Հաֆեզ ալ-Ասադը ցանկանում է իմանալ, թե պատրա՞ստ է արդյոք Ռաբինը գործարք կնքել Գոլանի բարձունքի հարցով։ Ռաբինի հետ հեռախոսով բանակցելուց հետո պարզ դարձավ, որ նա դեմ չէ բանակցություններ սկսել Գոլանի բարձունքի վերաբերյալ։ Սակայն Սիրիան և Իսրայելն այդպես էլ համաձայնություն չկնքեցին։ Դրա փոխարեն, Ռաբինը գաղտնի բանակցություններ սկսեց Պաղեստինի հետ և 1993թ. Օսլոյում ստորագրեց համաձայնագիր (Ինքնակառավարման ժամանակավոր միջոցների սկզբունքների հռչակագիր)։ 1994թ. հոկտեմբերին Ռաբինը խաղաղության պայմանագիր կնքեց Հորդանանի հետ, իսկ դրանից 13 ամիս անց նրան սպանեցին»։

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքին գրեթե հաջողվեց Գոլանի բարձունքի վերաբերյալ փոխըմբռնման հասնել Սիրիայի հետ։ 2001թ. հունվարին Բարաքը համաձայնվեց Սիրիային վերադարձնել այդ տարածքի մեծ մասը, բացառությամբ մի հողաշերտի, որը բաժանում է Սիրիայի տարածքը Տվերիադյան լճից (Գալիլեյան ծով)։ Սիրիայի ղեկավարությունը պնդում էր, որ 1967թ. Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելի զավթած հողի յուրաքանչյուր թիզը վերադարձվի Սիրիային։ Արդյունքում՝ համաձայնությունը խափանվեց։

Ինչ վերաբերվում է Իսրայելի ներկայիս վարչապետ Բենիամին Նաթանյահուին, ապա նա երբեք առանձնակի հետաքրքրություն չի ցուցաբերել Գոլանի բարձունքի շուրջ Սիրիայի հետ համաձայնություն կնքելու հարցում, քանի որ հենց Իսրայելի նախկին վարչապետ Մենախեմ Բեգինի՝ Իսրայելի ներկայիս «Լիկուդ» կառավարող կուսակցության հիմնադրի և առաջին առաջնորդի կառավարությունը անեքսիայի ենթարկեց Գոլանի բարձունքը 1981թ. դեկտեմբերին։

Չնայած այն բանին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հանդես է եկել Գոլանի բարձունքի անեքսիայի դեմ, վերջին ավելի քան 30 տարիներին այդ տարածքին քիչ ուշադրություն է հատկացվել։ Դրա փոխարեն, բանակցությունների մասնակիցներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Իսրայելի և Պաղեստինի միջև իրավիճակը կարգավորելու վրա։ 2000-ական թվականների սկզբին որոշակի ջանքեր գործադրվեցին, որպեսզի կազմակերպվեն Գոլանի բարձունքի շուրջ բանակցությունները Սիրիայի և Իսրայելի միջև, բայց արդյունքում ոչինչ չստացվեց։

Թվում է, սիրիական անվերջանալի քաղաքացիական պատերազմը թույլ տվեց այլ կերպ նայել Գոլանի բարձունքի ապագային։ Իսրայելի քաղաքացիների և քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը հանգեց այն եզրակացության, որ Սիրիան կարող է վերածվել չկայացած պետության։ Ավելին․ Սիրիայում իրանական ազդեցության աճը լոկ ամրապնդեց Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի դիրքորոշումը։ Այնուհանդերձ, միջազգային մակարդակով ոչ մի բանավեճ չկար Գոլանի բարձունքի անեքսիան ճանաչելու և 1981թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը չեղարկելու հնարավորության մասին։ Սակայն այսօր իրավիճակը փոխվել է։

Թրամփը որոշեց Գոլանի բարձունքի անեքսիայի ճանաչման իր որոշումն արդարացնել նրանով, որ Իսրայելը վերահսկում է տվյալ տարածքն ավելի քան 50 տարի, և որ դրա վերադարձը Սիրիային կարոող է սպառնալ Իսրայելի անվտանգությանը։ Դա ճիշտ է, որ Գոլանի բարձունքը Իսրայելի վերահսկողության տակ է շատ ավելի երկար, քան մերձավորարևելյան տարածքները՝ արևմտյան տերությունների, Սայքս-Պիկոյի համաձայնագրի շրջանակներում, որը նախատեսում էր նախկին Օսմանյան կայսրության տարածքի գերակշիռ մասի բաժանում։ Ավելին․ Իսրայելը միակ երկիրը չէ, որ սիրիական տարածքի մաս է զավթել։ 1939թ. Թուրքիան անեքսիայի է ենթարկել Սիրիա և Լիբանան ֆրանսիական մանդատային տարածքի Ալեքսանդրետայի սանջակը, ձևավորելով Հաթայ գավառը։ Ալեքսանդրետա քաղաքը ստացել է թուրքական Իսքենդերուն անվանումը։

Մյուս կողմից՝ ծայրաստիճան կասկածելի է, թե նախագահ Թրամփն ընդհանրապես ինչ-որ բան գիտի վերը թվարկված փաստերի մասին։ Իսկապես գիտե՞, արդյոք, նա Սայքս-Պիկոյի համաձայնագրի կամ այն մասին, թե որտեղ է գտնվում Ալեքսանդրետա-Իսքենդերունը և ում է պատկանում այդ քաղաքը, հարցնում է Զաքհեյմը և ինքն էլ պատասխանում. միակ բանը, որ գիտե Թրամփը, այն է, որ ուզում է, որպեսզի իր քաղաքական երկվորյակ Նաթանյահուն մնա Իսրայելի վարչապետի պաշտոնում։ Գոլանի բարձունքի անեքսիայի ճանաչումը Նաթանյահուին սատարելու միջոցներից մեկն է։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Նաթանյահուի «Լիկուդը» զիջում է «Կահոլ-լավան» կուսակցությանը, որը ղեկավարում են Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի նախկին պետ Բեննի Գանցը և Իսրայելի ֆինանսների նախկին նախարար Յաիր Լիպիդը։

Հնարավոր է, որ Թրամփի որոշումն օգնի Նաթանյահուին, բայց հաստատ չի օգնի Իսրայելին, համարում է Զաքհեյմը։ Ըստ երևույթին, ո՛չ Թրամփին, ո՛չ էլ Նաթանյահուին առանձնապես չեն անհանգստացնում Գոլանի բարձունքի անեքսիայի ճանաչման հնարավոր հետևանքները։ Ըստ նրա, ծայրաստիճան վտանգավոր է այն, որ նման հնարքը կարող է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Սիրիայի արևմտյան շրջաններ Իրանի ներխուժումից, ինչը կարող է ավարտվել Իրանի և Իսրայելի միջև լայնամասշտաբ պատերազմով։ Եթե դա տեղի ունենա, ապա Թրամփն ու Նաթանյահուն ստիպված կլինեն շատ բանի համար պատասխան տալ։ Ստացվում է, որ Թրամփն իր որոշմամբ «արջի ծառայություն» է մատուցել Իսրայելին, ամփոփելով իր հոդվածը, գրել է Զաքհեյմը։

 

Սերգեյ Շաքարյանց