Ինչո՞ւ է Նազենի Ղարիբյանը Կոնստանտին Օրբելյանին ազատել տնօրենի պաշտոնից․ պարզաբանում է նախարարի պաշտոնակատարը

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ երեկ՝ մարտի 28-ին, տնօրենի պաշտոնից ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել էր 2017թ․ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 27-ին որոշումը, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավար նա նշանակվել էր ավելի վաղ:

Կոնստանտին Օրբելյանին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։ Նախարարի պաշտոնակատարը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ Կոնստանտին Օրբելյանը շարունակելու է մնալ որպես Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, սակայն ինքը դադարեցրել է տնօրենի պաշտոնավարությունը, քանի որ նա այդ պաշտոնում էր նշանակվել օրենքի մի շարք խախտումներով։

«Կոնստանտին Օրբելյանն օրենքի խախտմամբ է ընդունվել աշխատանքի, նշանակվել տնօրենի պաշտոնում, ընդ որում, երկու օրենքների խախտմամբ,- ասաց Նազենի Ղարիբյանը։- Առաջինը՝ «Հայաստանի Հանրապետության լեզվի մասին» օրենքի երկրորդ կետի խախտմամբ։ Ըստ այդ կետի, պետական հիմնարկների տնօրենները և բարձր պաշտոն զբաղեցնողները պետք է տիրապետեն գրական հայերենին։ Երկրորդը՝  երբ 2017թ․ հուլիսին կառավարությունը հապճեպ որոշում կայացրեց՝ տնօրենների ընտրության մրցույթային կարգի մեջ կետ ավելացնելով առ այն, որ բացառիկ դեպքերում մարդը կարող է տնօրեն նշանակվել առանց մրցույթի, դա արվել է հատուկ Կոնստանտին Օրբելյանի համար, քանի որ նա հայերեն չգիտեր և չէր կարող մասնակցել մրցույթին։ Նշեմ նաև, որ Կոնստանտին Օրբելյանին տնօրեն նշանակելու մասին հրամանը տրվել է որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ, այսինքն՝ որոշումը դեռ ուժի մեջ չէր մտել, ինչը ևս օրենքի խախտում է»։

Մշակույթի նախարարի պաշտոնակատարը ասաց նաև, թե իրենք վերջերս են պարզել, որ  ՊՈԱԿ-ների տնօրենները չեն կարող ունենալ այլ վճարվող աշխատանք, բացի ստեղծագործական, գիտական, մանկավարժական գործունեություն նախատեսողներից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը երկու ղեկավար պաշտոն է զբաղեցնում և երկուսն էլ վճարովի հիմունքներով։

«Օրենսդրությունը հստակ սահմանում է, որ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, տնօրեններն այլ պաշտոն կամ վճարովի աշխատանք կատարելու իրավունք չունեն, այս պատճառով մենք մի քանի անգամ գրավոր դիմել ենք, նշել ենք` կամ տնօրենի պաշտոնից հրաժարվեք, կամ գեղարվեստական ղեկավարի,- հավելեց Նազենի Ղարիբյանը։- Սկզբում նա խոստացավ, որ կմտածի այդ մասին։ Հետո նամակով շատ կոպիտ մերժեց՝ նշելով, որ հրաժարվում է կատարել մեր հանձնարարականը, բավական հեգնական նամակներ էին գալիս վերջին շրջանում։ Ես պազապես կատարել եմ օրենքով ինձ լիազորված պարտականությունները և դադարեցրել նրա՝ տնօրենի լիազորությունները»։

Նախարարի պաշտոնակատարի տեղեկացմամբ, առաջիկայում կնշանակվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Թեկնածուներ արդեն կան, սակայն Նազենի Ղարիբյանը չցանկացավ նշել նրանց անունները։ Հետգայում արդեն, ըստ նրա, տնօրենի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի։

 

Թագուհի Ասլանյան