Կազատականացվեն հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման գործընթացները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որի նպատակներից է վերանայել հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակի գործառույթները:
Ինչպես նաև նախատեսվում է վերանայել ՀԴՄ-ների ներդրման, ձեռքբերման և սպասարկման գործընթացները, ազատականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գները, հանել սպասարկում իրականացնող յուրաքանչյուր աշխատողի կողմից սպասարկվող հսկիչ-դրամարկղային մեքենաների առավելագույն թվի սահմանափակումը:

Գործադրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ազատականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման գործընթացները: Ըստ այդմ, առաջարկվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման, դրանց իրացման, ինչպես նաև իրացման գների սահմանման գործընթացներն ազատականացնել և ուժը կորցրած ճանաչել որոշմամբ այդ դրույթները՝ միայն Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին վերապահելու իրավասությունը:

Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջների վերանայման (մի շարք տեխնիկական պահանջներ վերացնելու), հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցելու և գրանցումից հանելու գործընթացի պարզեցման, ինչպես նաև հսկիչ-դրամարկղային մեքենաները հաշվառումից հանելու գործընթացի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այսպիսով առաջարկվում է պարզեցնել հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցելու և գրանցումից հանելու գործընթացը, ինչպես նաև կարգավորել հարկ վճարողի գործունեությունը դադարեցնելու, լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում ՀԴՄ-ները հաշվառումից հանելու գործընթացը:

Անդրադառնալով հարցին, փոխվարչապետը նշել է, որ այն ցավոտ հարցերից մեկն է եղել, որի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ բողոքներ են ստացվել։

«Կարծում եմ, պետական մենաշնորհից հրաժարվելը և հսկիչ-դրամարկղային մեքենայի շուկայի ազատականացումը պետք է իր դրական ազդեցությունն ունենա,– ասել է Տիգրան Ավինյանը:- Ազատականացումը պետք է անել փուլային և սահուն, որովհետև այնտեղ կան նաև որոշակի ռիսկեր, որոնք նույնպես պետք է կառավարել»: