ՀՀ կառավարությունը սահմանել է ընտանեկան բռնության զոհերի ապաստարաններին ու դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները

ՀՀ կառավարությունն ընդունել է ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարաններին ու դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու, ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու նախագիծը, ըստ որի, կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները:

Ընտանիքում բռնության ենթարկվածներին ապաստարանով ապահովելու նպատակն այդ անձանց անհատույց ժամանակավոր կացարանով, անվտանգ միջավայրով ապահովելն է, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված սոցիալական այլ ծառայությունների տրամադրումը:

Ըստ նախագծի, ապաստարանը պետք է ապահովված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ պայմաններով, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով, երեխաների ապրելու, խնամքի և դասապատրաստման համար անհրաժեշտ պայմաններով: Ապաստարանը պետք է ունենա ընտանիքում բռնության ենթարկվածների խնամքի տակ գտնվող երեխաների դասապատրաստման համար անհրաժեշտ կահույքով և պարագաներով հագեցած առնվազն մեկ սենյակ, բոլոր անհրաժեշտ պայմաններն ընտանիքում բռնության ենթարկվածների շուրջօրյա անվտանգությունն ապահովելու համար: Այն պետք է մատչելի և հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համար:

Ապաստարանը պետք է գործի շուրջօրյա և ապահովի ընտանիքում բռնության ենթարկվածների, անհրաժեշտության դեպքում՝ նրանց խնամքի տակ գտնվող անձանց տեղավորումը (oրենքով սահմանված կարգով շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով):

Այս որոշմամբ սահմանվում են նաև ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանների անձնակազմին ներկայացվող պահանջները: Ապաստարանը պարտադիր պետք է ունենա հոգեբան, սոցիալական աշխատող և անվտանգության աշխատող:

Նախագծով սահմանվում է «Ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը», ըստ որի, Լիազոր մարմինը «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ոչ առևտրային իրավաբանական անձանց հետ կարող է կնքել ապաստարանի ֆինանսավորման պայմանագիր և վերահսկողություն իրականացնել իր կողմից մասնակի կամ ամբողջապես ֆինանսավորվող ապաստարանների գործունեության նկատմամբ, այդ թվում՝ ֆինանսական միջոցների օգտագործման մասով:

Այս պահանջները պարտադիր կլինեն այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող բոլոր ապաստարանների համար՝ անկախ այն հանգամանքից, թե ում ֆինանսական աջակցությամբ կկառուցվի այն՝ պետական, թե միջազգային կամ հասարակական կազմակերպությունների:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկացմամբ,  սա «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո առաջին որոշումն է: