Հայաստանը օգնության ձեռք կմեկնի եղբայրական Իրանին

Հայաստանն օգնություն ու փրկարարներ կուղարկի Իրան՝ ջրհեղեղից տուժածներին աջակցելու համար: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա տեղեկացրեց, որ նախօրեին հանդիպել է Իրանի դեսպանի հետ.

«Ջրհեղեղի հետ կապված կառավարությունը չէ, բայց իրենց Կարմիր մահիկի կազմակերպությունը դիմել է, որ օգնություն կազմակերպվի,- ասաց նա:- Մենք որոշել ենք հումանիտար օգնություն ուղարկել. այսօր-վաղը կազմակերպում ենք այդ աշխատանքը, բայց հարցն այն է, որ դա իրականացնում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով: Տեխնիկական միջոցներ ենք ուղարկելու, մեքենաներ ու փրկարարներ: Մենք կոնկրետացնում ենք թվերը: Ինձ թվում է՝ անհրաժեշտ կլինի վարչապետի որոշումը գործուղման հետ կապված, որովհետև գույքը, որ ուղարկում ենք, մերը չէ»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի հարավային շրջաններում տեղատարափ անձրևների հետևանքով ջրհեղեղ է տեղի ունեցել, առնվազն 19 մարդ է զոհվել, շուրջ 100-ը տարբեր վնասվածքներ  են ստացել։ Լրատվամիջոցների տվյալների համաձայն, առնվազն 70 գյուղերում ավելի քան 56 հազար մարդ տուժել է ջրհեղեղից: