«Աշտարակ կաթ»-ը կեղծել է թթվասերի բաղադրությունը

Որպես ահազանգ ընդունելով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում բարձրաձայնված խնդիրը՝ կապված թթվասերների բաղադրության հետ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են «Պարգև» ՍՊԸ-ի կողմից 13.03.2019թ․ արտադրված «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18% յուղայնությամբ թթվասերի հսկիչ գնում Երևանի իրացման կետերից:  ՀՀ ԿԵ ՍԱՏՄ լրատվական ծառայության տեղեկացմամբ, վերահսկողության ընթացքում ձեռք բերված թթվասերի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն պարունակում է  բուսական յուղ:

Ըստ այդմ, տվյալ ապրանքատեսակը չի համապատասխանում Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին և ոչ թե թթվասեր է, այլ կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով:

Միաժամանակ ՍԱՏՄ-ը տեղեկացնում է, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, տվյալ ապրանքատեսակը համարվում է կեղծված սննդամթերք:

Կեղծված է համարվում այն սննդամթերքը`

Ա) որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,

բ) որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,

գ) որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,

դ) որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին,

ե) որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առևտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույլտվություն ձեռք բերելու:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ:

Այս պահին պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացվում թթվասերի շուկայում, որի արդյունքների մասին կտեղեկացվեն։