Իրանը երկրորդ անգամ քառակողմ դաշինքի կոչ է արել Ռուսաստանին, Չինաստանին ու Հնդկաստանին

Ժամանակը տեղում կանգնած չի մնում. մարտին Իրանն ակտիվ քայլեր ձեռնարկեց արտաքին քաղաքականության ասպարեզում։

Միջազգային բնագավառում Թեհրանի բարձր ակտիվության հերթական վկայությունները դարձան իրանական կողմի հետևյալ նախազգուշացումները․ մարտի 20-ին, ինչպես հաղորդել է «Fars News» գործակալությունը, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և ներքին քաղաքականության կոմիտեի նախագահ Հեշմատոլլահ Ֆալահատպիշեն հայտարարել է, որ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը պետք է դաշինք ստեղծեն ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների գործիքային օգտագործման դեմ։ Վաշինգտոնն ահաբեկչական խմբավորումներ է ծավալում Աֆղանստանում ու Պակիստանում, և այդ խմբերն ավելի վտանգավոր են, քան «Իսլամական պետությունը» (ԻՊ), հայտարարել է նա։ Միացյալ Նահանգները Սիրիայից ու Իրաքից ահաբեկիչներին տեղափոխում են Աֆղանստան ու Պակիստան, ասել է նա՝ հավելելով. «ԻՊ-ի ջախջախումից հետո ԱՄՆ-ը բանակցություններ է անցկացրել ու սատարել մի ամբողջ շարք ահաբեկչական խմբավորումների»։

Հիշյալ կոմիտեի նախագահն այնուհետ ասել է, որ Վաշինգտոնը ձգտում է «ալեկոծել Իրանը, Հնդկաստանը, Ռուսաստանն ու Չինաստանը» ահաբեկչական խմբերին աջակցելու միջոցով, ուստի և Իրանը, Հնդկաստանը, Ռուսաստանն ու Չինաստանը պետք է համաձայնագիր ստորագրեն տարածաշրջանային անվտանգության մասին՝ ահաբեկչության դեմ պայքարի համար, ընդգծել է նա և ավելացրել, որ ահաբեկիչները կարող են զարմացնել տարածաշրջանին, եթե չձեռնարկվեն գործնական միջոցներ։ Ֆալահատպիշեն նշել է նաև, որ այդ հարցի վերաբերյալ նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, այդ մարմնին կոչ անելով հետաքննել ԱՄՆ-ի դերը Իրանի արևելյան սահման ահաբեկիչների տեղափոխման հարցում, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ կանխիչ միջոցներ այդ գործով։

Վերջին տարիների ընթացքում Իրանը, թերևս երկրորդ անգամ, բարձրահունչ կոչ է անում ոչ միայն Ռուսաստանին ու Չինաստանին, այլև Հնդկաստանին՝ համատեղ ձևակերպել ու ստորագրել տարածաշրջանային անվտանգության համաձայնագիր։ Թեկուզ և նախնական փուլում՝ բացառապես ԱՄՆ-ի և Իսրայելի «պրոքսի-բանակների» ահաբեկչության դեմ համատեղ պայքարի համար, բայց թերևս բոլորս էլ հասկանում ենք, որ նման համաձայնագիրը հետագայում կարող է հիմք դառնալ ռազմական և ռազմաքաղաքական ակտիվ փոխգործակցություն ծավալելու համար, նպատակ ունենալով կասեցնել ԱՄՆ-ի և Իսրայելի, մեղմ ասած, ապակառուցողական քաղաքականության վերաճումը «թեժ» Երրորդ համաշխարհային պատերազմի։ Իսկ եվրասիական քառակողմ ձևաչափի մասին Իրանն առաջին անգամ խոսել է դեռևս 2015թ. ապրիլին, երբ ԻԻՀ-ի այն ժամանակվա պաշտպանության նախարար, գեներալ Հոսսեյն Դեհգանը Մոսկվայում ընթացող Անվտանգության միջազգային 4-րդ կոնֆերանսի շրջանակներում իր ելույթի եզրափակիչ մասում կոչ է արել «աջակցել Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմանի պաշտպանական համագործակցության զարգացմանը՝ հակազդելու համար դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդարձակմանը նպատակաուղղված շարժմանը, Եվրոպայում հրթիռային վահանի տեղադրմանը և Չինաստանի հարավում ու արևելքում ամերիկյան ուժերի ավելի լուրջ կուտակմանը՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի զգայուն ու կարևոր տարածաշրջանների ուղղությամբ թաքֆիրիստական հոսանքների միաժամանակյա շարժման հետ մեկտեղ։ Հոսսեյն Դեհգանը հայտարարել է նաև՝ «Ես և իմ երկիրը պատրաստ ենք խորհրդակցություններ սկսել ու համագործակցել»։

 

Սերգեյ Շաքարյանց