ԱԻՆ-ը ժամանակակից տեխնիկա կստանա Ճապոնիայի կառավարությունից

Մարտի 26-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի հայաստանյան պատասխանատու Մուրաի Հիրոմիցուին: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպման նպատակն էր քննարկել «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» եռամյա ծրագիրը և «Հակահրդեհային սարքավորումների բարելավման» ծրագրի ընթացքը և կազմակերպումը:

Ողջունելով հյուրին, նախարարը կարևորել է Ճապոնիայի միջազգային գործակալության հետ ԱԻՆ բազմակողմանի համագործակցությունը: Նախարարի խոսքով՝ իրականացվող ծրագրերի հիմնական նպատակն աղետների ռիսկերի նվազեցման միջոցառումներն են, ինչպես նաև հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը:

«Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում նախատեսված միջոցառումների առաջին փուլով փրկարար ծառայության Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզային վարչություններին (ՄՓՎ) կտրամադրվի գույքային օժանդակություն, ինժեներային տեխնիկա, ինչի շնորհիվ հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել ինժեներափրկարարական աշխատանքներ: Մասնավորապես՝ Շիրակի և Լոռու ՄՓՎ-ներին կտրամադրվի 5-ական հրշեջ մեքենա և մեկական շարժասանդուղք, իսկ Սյունիքի ՄՓՎ-ին 4 հրշեջ մեքենա և մեկ շարժասանդուղք:

Մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է իրականացնել մայիսի 6-ին:

Մուրաի Հիրոմիցուն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը կարևորում է ճգնաժամների կառավարման հարցում ՀՀ-ի հետ համագործակցությունը:

Այդ առումով կազմակերպության պատասխանատուն առաջարկել է օգտվել Ճապոնիայի՝ աղետներին դիմակայելու հարուստ փորձից:

Հանդիպման վերջում նախարար Ցոլակյանը Ճապոնիայի կառավարությանը շնորհակալություն է հայտնել տրամադրվող օժանդակության համար, և որպես հայ ժողովրդի երախտիքի տուրք, հիշել, որ Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հուշահամալիրի մոտ տեղադրված է զոհված ճապոնացի փրկարարների հիշատակը հավերժացնող խաչքար: