Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ձմեռը չի ուզում նահանջել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, մարտի 26-ին, ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մառախուղ), Դիլիջանի ոլորանները (բեռնատարների համար, մառախուղ), Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային և Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում, Քաջարան, Գորիս քաղաքներում (մառախուղ), Լանջիկ-Մաստարա, Սևան-Մարտունի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Լոռու մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Արագած և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։