Ահաբեկչությունը շարունակում է աննախադեպ սպառնալիք հանդիսանալ միջազգային խաղաղության և անվտանգության համար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ելույթը ԵԱՀԿ ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-26-ը Բրատիսլավայում մասնակցել է ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության շրջանակներում կազմակերպված հակաահաբեկչական համաժողովին: ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, փոխնախարար Ապիտոնյանը միջոցառման բարձրաստիճան հատվածում հանդես է եկել ելույթով:

Փոխնախարարը սկսել է իր խոսքը` դատապարտելով Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: Ա. Ապիտոնյանը, նշելով, որ ահաբեկիչների նպատակը ոչ միայն զոհերի թիրախավորումն է, այլև համատարած անապահովության տարածումը հասարակության շրջանում, կարևորել է ահաբեկչության և ծայրահեղականության կանխարգելմանն ու հակազդմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրման հրամայականը:

Անդրադառնալով ատելության հողի վրա կատարված հանցագործություններին, մասնավորապես, որոշ պետությունների մակարդակով դրանց փառաբանման դրսևորումներին, Ա․Ապիտոնյանը մտահոգություն է հայտնել, որ նման մոտեցումը պարարտ հող է ստեղծում արմատականության և ահաբեկչության տարածման համար: Այդ համատեքստում նա նշել է, որ ԵԱՀԿ-ը պետք է առավել կարևոր դերակատարում ունենա նման հանցագործությունների կանխարգելման գործում:

Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանն այլ երկրների հետ միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում ԵԱՀԿ-ում, քննադատել է ահաբեկիչների կողմից Սիրիայում և Իրաքում էթնիկ և կրոնական խմբերի դեմ իրականացված վայրագությունները: Հավելել է, որ վերջին 8 տարիներին Սիրիայի և Իրաքի ժողովուրդները, մասնավորապես, կրոնական փոքրամասնությունները ենթարկվել են զանգվածային վայրագությունների, առևանգումների և տեղահանման: Այս համատեքստում փոխնախարար Ապիտոնյանը նշել է, որ չնայած ահաբեկչական կազմակերպությունների դեմ ռազմական գործողությունների հաջող իրականացմանը, ահաբեկչությունը շարունակում է աննախադեպ սպառնալիք հանդիսանալ միջազգային խաղաղության և անվտանգության համար: Նա հավելել է նաև, որ իրենց ծագման երկրներ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների վերադարձը բացասաբար է ազդում ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա և կարող է հանգեցնել հակամարտությունների ու ճգնաժամերի գոտում լարվածության ավելացմանը:

Եզրափակելով իր ելույթը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է բոլոր պետությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների համապարփակ ներգրավվածությունն ահաբեկչության դեմ պայքարում: