Քրիստոֆ Պոյրելը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ ՔԿ ծրագրերին

ՀՀ  քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելին: Այս մասին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրերին, Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է ԵԽ-ի երևանյան գրասենյակի հետ ինտենսիվ և արդյունավետ համագործակցությանը:

Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝  նախկինում համատեղ իրականացված ծրագրերի համար և հայտնել իր պատրաստակամությունը՝ համագործակցությունը խորացնելու և ծրագրերը  նոր թափով շարունակելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է իր կողմից  նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մշակված մի շարք ծրագրեր, որոնց իրականացումն այս պահին ընթացքի մեջ է:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելը ողջունել է ՔԿ նախագահի ներկայացրած ծրագրերը և հայտնել իր անվերապահ աջակցությունը դրանց իրականացման ընթացքում:

Հանդիպման ընթացքում  ԵԽ պատվիրակության ղեկավարը ՔԿ նախագահից  հետաքրքրվել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման խնդիրներից:

Հայկ Գրիգորյանը ներկայացրել է վերջին երկու տարվա ընթացքում կալանքը որպես խափանման միջոց  կիրառելու վերաբերյալ վիճակագրական տվյալներ, ըստ այդ տվյալների, տարեցտարի նվազել է կալանավորված անձանց թիվը:

Հայկ Գրիգորյանը եվրոպացի գործընկերների մոտ շեշտել է ՀՀ քաղաքական ղեկավարության այն դիրքորոշումը, որ իրավապահների նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ։

«ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ, լավագույն վկայությունն է այն բանի, որ ոչ միայն իրավապահները, այլև ՀՀ  իշխանությունը  կարևորում են անձի արժանապատվությունը, և կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրվում է բացառապես բավարար հիմքերի առկայության դեպքում»,- ասել է ՔԿ-ի նախագահը։

Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելը ևս մեկ անգամ  իր պատրաստակամությունն  է հայտնել՝ աջակցել կոմիտեի կողմից իրականացվելիք ծրագրերին և նշել, որ բարձր է գնահատում  Քննչական կոմիտեի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը, քրեական գործերի քննության, դրանց արդյունավետ կազմակերպման վերաբերյալ ձեռնարկվող քայլերը: