Թուրքական կործանիչները հետապնդել են Ալեքսիս Ցիպրասի ուղղաթիռին

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ մարտի 25-ին ուղղաթիռով Էգեյան ծովի Ագատոիսիոն կղզի թռչելիս Թուրքիայի զինված ուժերին պատկանող կործանիչները հետապանդել են իրեն։ Ermenihaber-ի տեղեկացմամբ, վարչապետը մեկնում էր կղզի՝ մասնակցելու Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ անցկացվող միջոցառումներին։

«Քիչ առաջ պատիվ  ունեցա ընդունելության արժանանալ թուրքական ավիացիայի կողմից,- կղզի հասնելուն պես հայտարարել է Ցիպրասը։- Հավանաբար նրանք նույնպես ցանկանում էին մասնակցել մեր ազգային տոնին։ Նրանք ստիպեցին, որ իմ ուղղաթիռը ցածր բարձրության վրա մանևրի»:

Հունաստանի վարչապետը Թուրքիային կոչ է արել զուր տեղը վառելիք չծախսել:

Նշենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև լուրջ հակասություններ կան ոչ միայն Կիպրոսի հիմնախնդրի, այլև Էգեյան ծովի մի շարք կղզիների պատկանելիության շուրջ։  Եվ թուրքական ուժերը Էգեյան ծովում հաճախակի են  դիմում սադրանքների՝ փորձելով ճնշում գործադրել պաշտոնական Աթենքի վրա։ ի դեպ, երեկ կատարվածը թուրքական կործանիչների կողմից Հունաստանի վարչապետի ուղղաթիռը հետապնդելու առաջին դեպքը չէ, նմանաբնույթ մի դեպք արձանագրվել է նաև 2018թ․ ապրիլին։ Այն ժամանակ հարկ է եղել կանչել հունական կործանիչներին։