Հայաստանը մասնակցել է Լայպցիգի գրքի ամենամյա տոնավաճառին

Մարտի 21-24-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում տեղի է ունեցել Գրքի միջազգային ամենամյա տոնավաճառ, որին ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպմամբ և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության ու Երևանի «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ այս տարի ևս մասնակցել է Հայաստանը: ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հայկական տաղավարում ներկայացված էին հայ դասական և ժամանակակից գրողների, նկարիչների ստեղծագործություններ, Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ տեղացի և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն, գերմաներեն և այլ լեզուներով:

Փառատոնի շրջանակներում կայացել են Թորստեն Ֆլայգի, Զառա Սաֆարյանի՝ համապատասխանաբար Հայաստանի և հայկական խոհանոցի մասին գերմաներեն հրատարակված գրքերի, ինչպես նաև Արամ Պաչյանի, Գրիգի, Հովհաննես Երանյանի գրքերից գերմաներեն թարգմանված հատվածների ընթերցանություններ, որոնք արժանացել են ունկնդիրների բարձր հետաքրքրությանն ու դրական արձագանքին։

Տոնավաճառի շրջանակներում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն առանձնազրույց է ունեցել տոնավաճառի գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիլլեի հետ։ Վերջինս գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի մասնակցության ակտիվացումն այս տարի։ Դեսպանը հանդիպումներ է ունեցել նաև խոշորագույն հրատարակչությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են արդյունավետ համագործակցության հեռանկարները և պայմանավորվածություններ ձեռք բերվել այդ ուղղությամբ գործնական քայլերի շուրջ։

Տեղեկանք. Ամեն տարի մարտ ամսին անցկացվող Լայպցիգի Գրքի միջազգային տոնավաճառն իր մասշտաբներով երկրորդն է Գերմանիայում՝ Ֆրանկֆուրտի Գրքի տոնավաճառից հետո: Դեռևս 17-րդ դարում սկիզբ առած այս ավանդույթն այսօր հնարավորություն է ընձեռում ավելի քան 200 000 այցելուներին՝ ծանոթանալու Գերմանիայի և բազմաթիվ այլ երկրների շուրջ 2500 հրատարակչությունների կողմից ներկայացված ամենատարբեր բնույթի գրականությանը, մասնակցելու քննարկումներին անձամբ հեղինակների և հրատարակչությունների ղեկավարների հետ: Լայպցիգի Գրքի տոնավաճառը լուսաբանվում է մի քանի հազար տեղական և օտարերկրյա լրագրողների և բլոգերների կողմից: