Կարճևանցիների բողոքի հիման վրա «Ագարակի ՊՄԿ»-ի գլխավոր տնօրենի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Կարճևան գյուղի բնակիչներից ստացված դիմում բողոքի հիման վրա: Այս մասին ԷկոԼուրին տեղեկացնում են ՀՀ բնապահպահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Կարճևան գյուղի բնակիչների հողամասերը վնասնվել էին կոմբինատի աշխատանքի հետևանքով արտանետվող թունավոր նյութերի հոսող ջրերից: Գյուղացիները խնդրին լուծում տալու ակնկալիքով նամակներով դիմել էին ՀՀ բնապահպանության նախարար Է. Գրիգորյանին, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Սինյակովին և Մեղրիի քաղաքապետ Մ. Զաքարյանին:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ԷկոԼուրին ուղղված նամակում մասնավորապես գրված է.

«Հայտնում եմ Ձեզ, որ 28.02.2019 թ. Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչներից ստացված դիմում-բողոքի ( Կարճևան գյուղի բնակիչների հողամասերը վնասվել են «Ագարակի ՊՄԿ» ընկերության աշխատանքի հետևանքով արտանետվող թունավոր նյութերի հետ հոսող ջրերից) հիման վրա ՀՀ «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության հանքային տարածքներից դուրս են գալիս գրունտային ջրեր, պոմպերի միջոցով կատարվում է ջրահեռացում բետոնե ջրատարով, այնուհետև պլաստմասե խողովակաշարով: Պլաստմասե խողովակաշարից անցք է բացվել, որպեսզի համայնքի բնակիչները ոռոգեն իրենց հողամասերը: Սակայն նշված բնակիչների հողամասերը ողողվել են հանքային գրունտային ջրերով, ինչը խոչընդոտ է հանդիսանում հողի նպատակային օգտագործմանը:

Հիմք ընդունելով Ջրային օրենսգրքի 117-րդ հոդվածը «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերությանը պահանջվել է վնաս հասցնող գործունեության անհապաղ դադարեցում՝ մինչև սույն օրենսգրքով սահմանված կարգով խնդրի վերացումը՝ նշելով գործունեությունը չդադարեցնելու դեպքում տուժանքների մասին:

Համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրավասություն չունի հաշվարկելու անձին պատճառված վնասը, ուստի բնակիչներին առաջարկվել է հարցը կարգավորել քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով»:

ԷկոԼուր