ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ավտոներկրողներին դրդում է անօրինական աշխատել (տեսանյութ)

ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ավտոմեքենաների երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ ավտոմեքենաների և ձեռքբերումը, և օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում, համարվում է ձեռնարկատիրական գործունեություն և ենթակա է հարկման եկամտային հարկով՝ 20 տոկոս դրույքաչափով։

Այս օրենքն ուժի մեջ է մտել 2018թ․ հուլիսի 1-ից, որից հետո մի շարք ավտոներկրողներ ու վաճառողներ ծանուցումներ են ստացել տուգանքների մասին այն բանի համար, որ իրենց մեքենաները նվիրաբերվել են, սակայն նրանք հարկը չեն վճարել։ Սա հարուցել է ավտոներկրողների զայրույթը։

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ավտոներկրողներն ամենևին դեմ չեն հարկային դաշտում գործելու, միայն թե հարկավոր է իրենց համար գործունեություն ծավալելու նպաստավոր պայմաններ ստեղծել, մինչդեռ կատարված օրենսդրական փոփոխությունները միտված են ընդամենը քաղաքացիներից ու տնտեսվարողներից գումարներ շորթելու, այլ ոչ թե ոլորտը կանոնակարգելու։

ՀԿ նախագահն անդրադարձավ նաև մեքենաների մեծաքանակ ներկրումներին՝ ասելով, որ դա արդեն իսկ հանգեցրել է մայրաքաղաքի փողոցների գերծանրաբեռնվածությանը, քանի որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունն ու ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանձին են գործում և միասնական ծրագրեր չեն իրականացնում դա կանխելու համար, բացի այդ, մեքենաների տեխնիկական զննությունը մինչև օրս շարունակում է ձևական բնույթ կրել, և փողոցներով երթևեկում են անսարք վիճակում գտնվող, հնամաշ ու վտանգավոր մեքենաներ։

Մանրամասները՝ տեսանյութում