ԱՄՆ-ին ուղղված Ռուսաստանի արտգործնախարարի զգուշացումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում կայացած ՄԱԿ-ի զինաթափման կոնֆերանսում զգուշացրել է ԱՄՆ-ին փոքր ու միջին հեռահարության հրթիռների պայմանգրից դուրս գալու վերաբերյալ:

«Համոզված եմ, որ մենք բոլորս ունենք իմաստություն և զորություն` հաղթահարելու ճգնաժամերը, պահպանելու և բարելավելու միջազգային պայմանագրերի համակարգը և կանխելու զենքի տարածումը»,- ասել է Սերգեյ Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ սպառազինությունների նոր մրցավազքի պարագայում շատ երկրներ իրենց ազգային անվտանգությունը ապահովելու նպատակով, կփորձեն միջուկային զենք և հրթիռներ արտադրել: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ այդ երկրներից շատերն ունեն նման զենք արտադրելու համար անհրաժեշտ գիտություն և տեխնոլոգիա:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ․ հոկտեմբերի 20-ին հայտարարեց, որ իր երկիրը դուրս կգա փոքր և միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագրից: