Ֆրանսիան մասն է կազմում և ապագայում էլ մասն է կազմելու Սիրիայի նկատմամբ ոճրագործության

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը վկայել է, որ Ֆրանսիան, որպես ԱՄՆ-ի խամաճիկ պետություն և, հատկապես, «այս աշխարհի ճարտարապետներին» ենթակա գործիք, մասն է կազմում և ապագայում էլ մասն է կազմելու Սիրիայի նկատմամբ տարիներ առաջ սկսված ու դեռ շարունակվող ոճրագործության:

ԱՄՆ-ի գլխավորությամբ Սիրիային հրթիռառմբային հարվածներ հասցնող միջազգային կոալիցիան իրականում միջազգային հանցախումբ է, որի անդամ պետությունների՝ ոճրագործությանը մասնակից ռազմաքաղաքական ղեկավարները վաղուց կանգնած կլինեին միջազգային քրեական դատարանի կամ տրիբունալի առջև, եթե աշխարհում, նախկինի նման, որոշիչ չլիներ «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին նկատի ունենալով Սիրիան, օրերս ասել է. «Ես մի պարզ ուղերձ ունեմ: Մենք այնտեղ ենք լինելու ոչ միայն այսօրվա, այլև վաղվա պատերազմների համար»:

Նախարարը շեշտել է, որ եթե անհրաժեշտություն լինի, պայմանները ստիպեն, Փարիզը կրկին հարձակման թիրախ կդարձնի Սիրիան:

«Այն ժամանակ, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քիմիական զենք կիրառեց, Ֆրանսիան, Բրիտանիան և ԱՄՆ-ը հարձակումներ իրականացրին Սիրիայի քիմիական օբյեկտների վրա,- շարունակելով իր խոսքը, ասել է Պարլին:- Եթե հարկ լինի, կրկին կհարձակվենք»:

Սիրիայում իր ոտնձգություններն արդարացնելու համար Ֆրանսիան, ինչպես և ԱՄՆ-ը և միջազգային հանցախմբի մյուս պետությունները, Սիրիայի կառավարությանն անհիմն մեղադրել են քիմիական հարձակման մեջ, երբ իրականում Սիրիայում ահաբեկիչների կողմից քիմիական զենքի հետ կապված սադրանք է իրականացվել հենց Արևմուտքի օժանդակությամբ: Սիրիայում վերոնշյալ հանցախմբի տարաբնույթ հարձակումները նպաստավոր են եղել հենց ահաբեկիչների համար: