«Վեոլիա ջրի» խորամանկ հնարքը․ իսպանական ջրաչափերը՝ Երևանին, իսկ էժան չինականները՝ մարզերին (տեսանյութ)

Այսօր Հայաստանում ջրամատակարարման գործառույթը ստանձնած ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերությունը, ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ), չարաշահում է ոլորտում իր գերիշխող դիրքը: LIVEnews.am-ի տաղավարում ներկայացնելով ֆրանսիական ընկերության չարաշահումները, «Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խմբի նախաձեռնող անդամներ Լիանա Եղիազարյանն ու Դավիթ Գասպարյանը նշեցին, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պարբերաբար խախտում է բաժանորդների իրավունքները և մեր պետության առաջ ստանձնած պարտավորությունները։

Նրանք շեշտեցին, որ «Վեոլիա ջուր» ընկերության տնօրինությունը հնարավոր միջոցներով փորձում է արդարացնել իրեն, իսկ խախտումները հայտնաբերած անձանց ու նախաձեռնությունների ներկայացուցիչներին վատաբանել, միայն թե պատասխանատվություն չստանձնեն իրենց թույլ տված խախտումների համար։

Լիանա Եղիազարյանի հավաստմամբ, ֆրանսիական ընկերությունը բազմիցս խախտել է սպառողներին ջրանջատումների մասին պատշաճ ձևով տեղեկացնելու մասին ՋՄՕԿ-ը, սակայն այդպես էլ որևէ պատասխանատվության չի ենթարկվել։

Դավիթ Գասպարյանն էլ նշեց, որ հետևելով ջրային օպերատորի գործունեությանը, մի շարք խախտումներ է հայտնաբերել, որոնց մասին տեղեկացրել է, թե ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեին, թե ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, սակայն նրանք միշտ ընկերությանն արդարացնող պատճառաբանություններ են ներկայացրել։ Դավիթ Գասպարյանը միաժամանակ տեղեկացրեց, որ վերջերս իր կողմից ջրի երես դուրս բերված խախտումը «Վեոլիա ջուր» ընկերությունը, ի վերջո, մասնակիորեն ընդունել է և անաղմուկ վերացրել։

Ջրաչափերի արտադրությամբ զբաղվող «Արազեն» հայ-գերմանական համատեղ արտադրության տնօրեն Արա Սանթրոսյանը հաղորդման ժամանակ ներկայացրեց, որ 2018թ․ նոյեմբերի 7-ին ֆրանսիական ընկերության դեմ վարույթ էր իրականացրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), այս անգամ՝ շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար։ Արդյունքում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության հանդեպ կիրառվել է տուգանք 20 մլն դրամի չափով։ Պատճառն այն էր, որ ֆրանսիական ընկերության մեղքով տեղական ընկերությունը հայտնվել է ոչ մրցակցային իրավիճակում ու դադարեցրել արտադրությունը։ «Արազեն» ընկերությունը դիմել էր ՏՄՊՊՀ-ին՝ տեղեկացնելով, որ «Վեոլիա ջրի» անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից:

Մանրամասները՝ տեսանյութում