Շվեդիան պատրաստ է երկկողմ համագործակցության պատուհան բացել Հայաստանի համար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, ողջունելով հյուրերին, փոխվարչապետը նշել է, որ Շվեդիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հաջողությունները մասնավորապես ժողովրդավարության, մարդու իրավունքների և սոցիալական պաշտպանության առումով օրինակելի են: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է չորս հիմնական ոլորտները, որտեղ կառավարությունը նախատեսում է իրականացնել բարեփոխումներ՝ տնտեսություն, ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալի զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարադատություն: Ըստ փոխվարչապետի, բարեփոխումների իրականացման ճանապարհին կան մարտահրավերներ, բայց դրանց հնարավոր է դիմակայել կառավարության առաջ քաշած գերագույն արժեքների ինստիտուցիոնալիզացման միջոցով:

Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Շվեդիան պատրաստ է երկկողմ համագործակցության պատուհան բացել Հայաստանի համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա, որը պետք է իրացնել:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում իրականացվելիք տնտեսական բարեփոխումների օրակարգին, հարկային բարեփոխումների տրամաբանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քաղաքականությանը, ինչպես նաև տնտեսության ոլորտում կանանց ներգրավվածությանը վերաբերող մի շարք հարցեր: