Առանձնապես խոշոր չափերի գողություն

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գյումրիում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության տեղեկացմամբ, 2019թ. մարտի 19-ին, ժամը 11:30-ին «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի պետը ՀՀ ոստիկանության Կումայրու բաժնում հաղորդում է ներկայացրել առ այն, որ  2019թ. մարտի 18-ին, ժամը 12:00-ի սահմաններում բանկի Նոր Նորքի մասնաճյուղից  «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Շիրակ» մասնաճյուղ է տեղափոխվել 20 000 ԱՄՆ դոլար գումար: Ըստ հաղորդման, աշխատանքային օրն ավարտվելու պատճառով «Հայինկասացիա» ՓԲԸ -ի Գյումրու բաժնի աշխատակիցները չեն հասցրել նշված գումարը հանձնել բանկին, և այն, սահմանված կարգի համաձայն, պահվել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի պահոցում: Հաջորդ օրը՝ մարտի 19-ին, ժամը 10:00-ին նշված գումարը կնքված պարկով հանձնվել է բանկի «Շիրակ» մասնաճյուղ, որտեղ պարկը բացելուց հետո պարզվել է, որ 9 700 000 դրամին համարժեք 20 000 ԱՄՆ դոլար գումարը հափշտակվել է, իսկ գումարի փոխարեն պարկի մեջ դրվել են մեկ այլ բանկի անվամբ դրամի կապոցների պիտակներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ գողության բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: