Կեղծ լրատվությունը պետք է պատասխանատվություն առաջացնի

Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի գործընկերներ: Մշտապես ունեցել եմ այն համոզմունքը, որ խոսքն ամենակարևոր զենքն է բոլոր ժամանակներում: Ժամանակակից աշխարհում այն հատկապես կարևորվում է անցումային հասարակություններում ու ժողովրդավարական համակարգերում:

Գրառմանս նպատակը հանրային բացատրությունն է այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ընթացքում իմ արտահայտած հարցի մի մասի, որին իմ մի շարք գործընկերներ սվիններով անդրադարձան: Բնավ ցանկություն չեմ ունեցել ասելու, որ պետք է սահմանափակվի խոսքի և մամուլի ազատությունը, ինձ ճանաչողները լավ գիտեն, որ թե՛ բնավորությամբ, թե՛ էությամբ տեղեկատվության ազատ տարածման, փոխանակման կողմնակից եմ և մասնագիտությամբ էլ լինելով լրագրող, այլ դիրքորոշում չէի կարող ունենալ: Համոզմունքս է՝ խոսքի և մամուլի ազատությունը Հայաստանում որևէ կերպ չպետք է սահմանափակվի, ինքս կլինեմ պայքարի  առաջամարտիկներից մեկը, եթե երբևէ նման նախաձեռնություն կամ գաղափար շրջանառվի:

Մյուս կողմից ուզում եմ շեշտել, որ ասվածը չի նշանակում, թե կեղծ (ֆեյք) լուրերը մեր կյանքում պետք է տեղ ունենան և շարունակվեն առանց պատասխանատվության։ Կարծում եմ, բոլորս միասին այս հարցին դեռ կանդրադառնանք: Իմ գործընկերներին կոչ եմ անում ու խնդրում, որ միմյանց վերաբերվենք ամենայն հարգանքով ու հանդուրժողականությամբ:

Այո, բոլոր այն լուրերը, որոնք ազդում են հասարակական կարծիքի վրա՝ վտանգելով մեր ազգային անվտանգությունը լայն իմաստով, այսինքն՝ իր բոլոր բաղադրիչներով հանդերձ, ոտնձգում մեր բարոյական նորմերին, հայրենիքին, քրիստոնեական հավատքին, սրբություններին, Եկեղեցուն, պետք է առաջացնեն պատասխանատվություն։ Չպետք է մոռանալ, որ Հայաստանը գտնվում է պատերազմի մեջ, որի ընթացքում մեր նկատմամբ իրականացվում է նաև տեղեկատվական պատերազմ։

Նանե Արզումանյան