Կարևորվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացումը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ազգային ժողովի լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպմանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը Եվրամիության գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ մանրամասներ:

Լոուրենս Մերեդիթն իր ղեկավարած գերատեսչության լիազորությունների շրջանակում պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ցուցաբերել խորհրդարանին և հանձնաժողովին՝ մասնավորապես ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցության «Թուինինգ»-ի և «Թաիեքս»-ի միջոցով համաձայնագրի կիրարկումը հնարավորինս արագ իրականացնելու համար:

Կողմերն անդրադարձել են նաև արևելաեվրոպական և արևմտաբալկանյան երկրների եվրաինտեգրման փորձին ու դրա՝ Հայաստանի համար ուսանելի և կիրառելի կողմերին:

Մտքեր են փոխանակվել միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, կարևորվել են խորհրդարանական կապերի խորացումն ու այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման համատեքստում Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստանի անհետաձգելի առաջնահերթություններին՝ կարևորելով Եվրամիության աջակցությունը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, ջրամբարաշինության և էներգետիկայի ոլորտների զարգացմանը: Անդրադարձ է կատարվել վերջերս Եվրամիության կողմից մշակված և արևելյան գործընկերության բոլոր 6 երկրները ներառող ենթակառուցվածքների զարգացման ծրագրին. քննարկվել են ծրագրի հայաստանյան մասի իրականացման հեռանկարներն ու մանրամասները: