Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն առաջնագծի մոտ շահագործման է հանձնել նոր զորամաս

Մարտի 16-ին Ղազախի շրջանում շահագործման է հանձնվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ առաջնագծի մոտ տեղակայված նոր զորամաս: «Ռազմինֆո»-ի տեղեկացմամբ, բացման արարողությանը մասնակցել է ՊՍԾ ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը: Զորամասից բացի, Ղուլիևը այցելել է նաև մարտական դիրքեր:

Շահագործման են հանձնվել շտաբի և վարչական այլ շինություններ, ժամկետային զինծառայողների համար զորանոց, ծառայողական բնակարաններ, ավտոտնակներ և այլն:

Այս զորամասի շենքը «0-ից չի կառուցվել», այլ կատարվել է արդեն իսկ գոյություն ունեցող շենքի և հարակից կառույցների հիմնովին վերանորոգում և ընդլայնում:

Ի դեպ, Ղազախ-Աղստաֆա հատվածի սահմանները հսկելու պարտականությունը բանակի ստորաբաժանումների փոխարեն ՊՍԾ-ի ստանձնումից հետո, այդ հատվածի  առաջնագծի ամբողջ երկայնքով կատարվել են շինարարական և ինժեներական աշխատանքներ, կառուցվել են ճանապարհներ, բարեկարգվել են առաջապահ դիրքերը: