Համացանցային ծառայություն մատուցող ընկերությունների սպասարկման որակը, պարզվում է, չի վերահսկվում, ի՞նչ անի բաժանորդը (տեսանյութ)

Հայաստանում, այսօրվա դրությամբ, համացանցային ծառայություն տրամադրող ավելի քան 140 ընկերություն է գործում, սակայն նրանց գործունեությունը՝ սպասարկման վառումով, չի վերահսկվում։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, թվում է, կոչված է կարգավորելու այդ ընկերությունների և նրանց բաժանորդների հարաբերությունները, սակայն ինչպես մեզ հետ հարցազրույցում տեղեկացրեց ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, ոլորտում գործող ընկերություններն աշխատում են ինքնակարգավորման սկզբունքով, քանի որ ազատ շուկայական հարաբերություններ են։

Ըստ հիշյալ վարչության պետի, համացանցային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության կարգավորման միակ գործիքն առողջ մրցակցությունն է։ Եթե բաժանորդը դժգոհ է իր ստացած կապի որակից, ապա կարող է համագործակցել համացանցային ծառայություն մատուցող այլ ընկերության հետ՝ օգտվելով նրանց ծառայությունից։

Այնուհանդերձ, եթե բաժանորդը չի ցանկանում փոխել իր կապը, որից օգտվում է, ապա կարող է զանգահարել ՀԾԿՀ թեժ գծի հեռախոսահամարով և ներկայացնել իր բողոքը։ Գևորգ Գևորգյանի հավաստմամբ, այս տարվա ընթացքում իրենք այս կամ այն ընկերության սպասարկման որակից դժգոհություններ չեն ստացել, ինչը հեռահաղորդակցության վարչության պետը պայմանավորում է մեր երկրում համացանցային ծառայությունների բարձր որակով։ Իրականում խնդիրն այլ է։

Մանրամասները՝ տեսանյութում