Արցախի գիտական կենտրոնի ուսումնասիրությունն ընդգրկվել է միջազգային ծրագրում

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո ստեղծված Հայաստանի գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) կողմից իրականացվող միջազգային ծրագրերին Արցախի գիտական կենտրոնը 2018 թվականին ներկայացրել է 3 գիտական թեմաներ, որոնցից «Անասնակերերի նոր տեխնոլոգիաների մշակում» թեման հավանության է արժանացել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի գիտական կենտրոնի փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, թեմայի ղեկավար Անյուտա Սարգսյանը:

Նրա խոսքով, արդեն 6 տարի է, Արցախի գիտական կենտրոնը ՀՀ գիտությունների պետական կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում մի շարք ծրագրեր է իրականացնում: Մտահղացում է առաջացել, որ կերերի ուսումնասիրման և մանրէաբանության լաբորատորիաներում իրականացվող ծրագրերը համատեղվեն և ներկայացվեն մեկ ընդհանուր թեմայով:

Խոսելով թեմայի ընտրության մասին, Ա. Սարգսյանն ասել է. «Անասնակերերի համար կիրառվող բուսական կազմին ավելացվել են նաև ԱՀ էնդեմիկ պրոբիոտիկ մանրէներ. դրանք օժտված են հակամանրէային և պրոբիոտիկ հատկություններով: Թեմայի ուսումնասիրման նպատակն անասնակերերը պրոբիոտիկ մանրէներով հարստացնելն է: Կենտրոնի կողմից կատարված որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ պրոբիոտիկ մանրէների ավելացումից հետո սիլոսի մեջ սպիտակուցի կենսազանգվածը նույնպես ավելանում է:

«Անասնակերերի նոր տեխնոլոգիաների մշակում» թեմայով ծրագիրը պատրաստ լինելու դեպքում կառաջարկվի ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը,- ասել է Ա. Սարգսյանը։- Ուսումնասիրման ժամկետը մեկ տարի է»:

Կայքի զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ սովորական սիլոսացման ժամանակ անասնակերի սննդանյութերի կորուստը մոտ 10-15% է, իսկ պրոբիոտիկ մանրէներով հարստացնելուց հետո այն նվազում է մինչև 5%: Քանի որ պրոբիոտիկ մանրէներն օժտված են հակամանրէային հատկությամբ, նրանք կարող են որոշ հակաբիոտիկների փոխարեն օգտագործվել հարստացված անասնակերերի մեջ. այն օգտակար է ինչպես անասունների, այնպես էլ վերջիններիս մսի օգտագործման պարագայում:

«Հակաբիոտիկները կենդանիների օրգանիզմից դուրս չեն գալիս, հետագայում դրանք մուտացիայի են ենթարկվում մարդու օրգանիզմում, ինչը կարող է դառնալ շարք հիվանդությունների պատճառ,- նշել է ծրագրի ղեկավարը:- Ստացված սիլոսն ունի յուրահատուկ հոտ և գույն: Այդ սիլոսն օգտագործելուց հետո բարձրանում է նաև կենդանու կաթնատվությունը, բացի դրանից, պրոբիոտիկ մանրէների կիրառումն անասնակերերի մեջ հնարավորություն է տալիս բարձրացնել ցուլիկների վերարտադրողական համակարգը»։

Անյուտա Սարգսյանը հավելել է, որ 2017 թվականին կենտրոնի կողմից մեկ թեմա ևս ընդգրկվել է միջազգային ծրագրում: