Ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով հրաձիգ-դիպուկահարը ինքնախեղում է կատարել

2018թ. սեպտեմբերի 2-ին, ժամը 21:55-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ N զորամասից հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 21:00-ի սահմաններում զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված  մարտական դիրքում հակառակորդի հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով որպես դիտորդ ծառայության նշանակված ոստիկանության զորքերի N զորամասի դասակի հրաձիգ-դիպուկահարը ձախ ուսի շրջանում ստացել է  հրազենային վնասվածք: ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության տեղեկացմամբ, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, ձեռնարկվել նախաքննություն:

Քրեական գործով ոստիկանության զորքերի ծառայողը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել, որ 02.09.2018թ., երբ, ըստ գրաֆիկի, ժամը 19:00-21:00-ն առաջնագծում որպես դիտորդ ծառայություն է իրականացրել, ժամը 20:30-ի սահմաններում հակառակորդի զինծառայողը ներթափանցել է առաջնագծի խրամատ, և վերջինիս հետ փոխհրաձգության ժամանակ զգացել է, որ ձախ ուսի հատվածում հրազենային վնասվածք է ստացել։

Մարտական հերթապահության ժամանակ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար, ոստիկանության պետի հրամանի համաձայն, ոստիկանության պետի կողմից ծառայողը պարգևատրվել է «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշանով:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է, որ ծառայողը ձախ ուսի շրջանում հրազենային վնասվածքը հասցրել է ինքն իրեն, իրեն կցված դիպուկահար հրացանով՝ կատարելով անդամախեղում, ինչը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն:

Այնուհետև, հանցագործության դեպքի մասին գիտակցաբար տրամադրելով կեղծ տեղեկատվություն, ուղղակի դիտավորությամբ կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, ինչից հետո մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով, իրեն կցված դիպուկահար հրացանից 12 կրակոց  է արձակել հակառակորդի  ուղղությամբ՝ վատնելով իրեն տրամադրված  ռազմամթերք հանդիսացող 12 փամփուշտ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ոստիկանության զորքերի ծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով, 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 371-րդ հոդվածի  2-րդ  մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: