Ռուսաստանյան ֆիզիկոսները հետ են շրջել ժամանակը (տեսանյութ)

Ի՞նչ է տեղի ունեցել «Մաքսվելի դևը» ստեղծելուց հետո

 Գիտնականներին հաջողվել է ստեղծել համակարգիչ, որը մի ակնթարթով փոփոխել է Տիեզերքի համընդունելի ուղղությունը քվանտային մակարդակով։

Ռուսաստանյան գիտնականների խմբին հաջողվել է հետ շրջել ժամանակը։ Ճիշտ է, ընդամենը մեկ ակնթարթով։ Հայտնագործության ականատեսն են դարձել գործընկերները ԱՄՆ-ից ու Շվեյցարիայից, որոնք օգնում էին Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (ՄՖՏԻ) գիտնականներին։

Ինչպես հաղորդում է «Scientific Reports» ամսագիրը, գիտափորձի ընթացքում հետազոտողները ստիպել են քվանտային համակարգչին վերադառնալ անցյալ, դրանով իսկ խախտելով թերմոդինամիկայի երկրորդ օրենքը։ Հենց դա է, ֆիզիկայի տեսակետից, բնութագրում մեր Տիեզերքի միակ ընդունված ուղղությունը. անցյալից դեպի ապագա։

Այն, որ թերմոդինամիկայի երկրորդ օրենքը կարող է խախտվել քվանտային մակարդակով, մոսկովյան ֆիզիկոսները հայտնաբերել են դեռ մի քանի տարի առաջ։ Դա մեկնակետ է ծառայել հանրահայտ «Մաքսվելի դևի»՝ արագ ու դանդաղ մոլեկուլները տեսակավորելու ընդունակ հիպոթետիկ սարքի քվանտային նմանօրինակը ստեղծելու համար։

Հետագա հետազոտությունները գիտնականներին հանգեցրել են այն հարցին, թե կարելի՞ է արդյոք հետ շրջել ժամանակը քվանտային ֆիզիկայի օրենքներով։

Պատմական գործողությունը միջազգային գիտնականների խումբն անցկացրել է սովորական քվանտային համակարգչով, ստեղծելով քաոսի անհրաժեշտ մակարդակ, իսկ այնուհետ ուղղորդելով հիշողության բջիջներում գտնվող թվերի հավաքածուն դեպի կանոնավորում։

Արդյունքում տարրական հաշվիչ մոդուլները (կուբիտները) մի ակնթարթով վերադարձել են նախնական վիճակին։