Հանցավորության վիճակը մեր զինված ուժերում

Ամփոփվել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 2018թ․ կատարած աշխատանքները

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ  տեղի է ունեցել Քննչական կոմիտեի զինվորական  քննչական գլխավոր վարչության 2018թ․ կատարած աշխատանքների ամփոփումը:

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության տեղեկացմամբ, միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ղեկավարներ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը ներկայացրել է հանցավորության վիճակը զինված ուժերում:

Ըստ այդմ, 2018թ. ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հաշվառվել է 1762 հանցագործության դեպք` նախորդ տարվա 1830-ի դիմաց: Վիճակագրական տվյալները վկայում են, որ հանցագործությունների քանակը նվազել է 68-ով կամ 3,7%-ով:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նվազումը պայմանավորված է հիմնականում սպանության (13-ով), սպանության փորձերի (37-ով), թմրանյութերի ապօրինի շրջանառության (28-ով), պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու (42-ով) և զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու (33-ով) դեպքերի նվազմամբ:

2018թ. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում քննվել է 4872  քրեական գործ կամ  կոմիտեի քննիչների վարույթում քննված ողջ քրեական գործերի (25 675)  18,9%-ը:

Արձանագրված դեպքերից չբացահայտված են մնացել ընդամենը 49-ը:

2018-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 39 անձ, որոնցից 32-ը եղել են զինծառայողներ, այդ թվում՝ 14 սպա, 3 ենթասպա, 1 պայմանագրային և 14 պարտադիր ժամկետային զինծառայող:

Զինվորական  քննչական գլխավոր վարչության կողմից 2018 թվականին քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 273 քրեական գործ: Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 178 անձ:  Դատի է տրվել 92 անձի, որոնցից 1-ը գտնվել է կալանքի տակ:

Իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 416 355 665 դրամ, որից վերականգնվել է 415 355 946 դրամը:

Դատարան ուղարկված, վարույթը ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով և քրեական գործ հարուցելը մերժված նյութերով պետությանը պատճառված վնասը կազմել է 485 685 000 դրամ, որից 465 892 000 դրամը՝ պաշտոնեական և տնտեսական հանցագործությունների վերաբերյալ գործերով:

Մինչդատական վարույթում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերականգնվել է 418 889 000 դրամ կամ 89,9%-ը, բացի դրանից, կալանք է դրվել մեղադրյալների՝ 169 000 դրամ արժողությամբ գույքի վրա: Հարկ է նշել, որ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննված միայն մեկ քրեական գործով 2017 թվականին հայտնաբերված հանցագործությամբ պետությանը պատճառված շուրջ 398 620 500 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Պետք է նշել, որ վարույթում քննված բոլոր քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասից 2018 թվականին վերականգնվել է 421 643 000 դրամ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի խոսքով՝ բավականին նվազել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման համար հետախուզվող անձանց թիվը, և եթե  2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել էր  1170, ապա 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն նվազել է մինչև 993:

ՔԿ ԶՔԳՎ տասը կայազորային քննչական բաժնի պետերը ևս հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով նախորդ տարի իրենց բաժիններում քննվող քրեական գործերի ընթացքը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նիստի ընթացքում քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, դրանք առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ տվել հանձնարարականներ:

ՔԿ նախագահն անդրադարձել է նաև զինված ուժերում  հանցագործություններ ծնող պայմանների և պատճառների վերացմանը, ծառայության ընթացքում հայտնաբերված տարատեսակ խախտումները չկրկնելուն, ինչպես նաև՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելուն:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ևս մեկ անգամ ընդգծել է զոհված զինծառայողների իրավահաջորդների հետ շփման անհրաժեշտությունը։

«Տուժողի իրավահաջորդների հետ հանդիպումները պետք է կրեն պարբերական բնույթ և կազմակերպվեն պատշաճ մակարդակով»,- ընդգծել է Հայկ Գրիգորյանը:

Քննչական կոմիտեի ղեկավարությունը նիստի ընթացքում  մի շարք աշխատանքային հարցեր է քննարկել պաշտպանության նախարարի և միջոցառմանը ներկա ստորաբաժանման ղեկավարների հետ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ոլորտում առկա խնդիրները կարգավորելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը պաշտպանության նախարարին առաջարկություններ է ներկայացրել՝ հանցագործությունների նախականխման, զինվորական կարգապահության ամրապնդման, ինքնասպանությունների դեպքերը հնարավորինս կանխելու,ՊՆ և ԶՈՒ ունեցվածքի պահպանության, զորային տնտեսության ոլորտում գնումների գործընթացն առավել թափանցիկ կազմակերպելու և հնարավոր չարաշահումները կանխելու, զինված ուժերում ծառայելն առավել գրավիչ դարձնելու, այս ոլորտում ծագած օրենսդրական և կազմակերպչական խնդիրները կարգավորելու, ինչպես նաև զինծառայողների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ:

ՔԿ նախագահը կարևորել է գործընկեր գերատեսչությունների հետ սերտ համագործակցությունը և հայտնել իր պատրաստակամությունը՝ առկա հարաբերությունները խորացնելու և առավել սերտ համագործակցություն ձևավորելու վերաբերյալ: