Ռուսաստանյան գիտնականներին հաջողվել է մասամբ «կենդանացնել» յակուտյան մամոնտիկի բջիջները

Ռուսաստանի և Ճապոնիայի մասնագետները հետազոտություններ են անցկացրել ակտիվության նշաններ դրսևորող հինգ բջիջների վրա։

Ռուս և ճապոնացի մոլեկուլային կենսաբաններին հաջողվել է կորզել յակուտյան  Յուկի մամոնտիկի բջիջների միջուկները, որից հետո գիտնականները դրանք պատվաստել են մկների ձվաբջջին։ Այդուհանդերձ, հետազոտողներին չի հաջողվել լիովին «կենդանացնել» բջիջները:

Ինչպես ճշտում է «Scientific Reports» ամսագիրը, գիտնականների ստացած հինգ բջիջները դրսևորում էին տրոհվող բջիջներին բնորոշ ակտիվության նշաններ։

«Մյուս կողմից, դրանցից ոչ մեկը չի կարողացել սկսել տրոհումը, ինչն անհրաժեշտ է մամոնտներին վերածնելու համար,- նշել է Կեյ Միյամոտոն՝ ճապոնական Վակայամա քաղաքի Կինդայ համալսարանից։- Կարծում եմ, որ մենք դեռ շատ հեռու ենք այդ խնդրի լուծումից»:

Յուկի մամոնտիկի մումիան հայտնաբերվել է 2010թ. ամռանը՝ Լապտևների ծովի ափին։ Գիտնականների կարծիքով, մարմինը պատկանում է պատանի էգի, որը սատկել է 8-10 տարեկանում, մոտ 29 հազար տարի առաջ։ Ընդ որում, կենդանու մնացորդները սառեցված վիճակից ետ բերված չէին, ինչի շնորհիվ լավ էր պահպանվել։ Յուկիի շուրջ սկսեցին վարկածներ հայտնվել այն մասին, որ մամոնտիկի մարմնում առ այսօր կարող են լինել «կենդանի» բջիջներ, որոնց շնորհիվ կարելի է «վերակենդանացնել» այդ աժդահաներին։