Լավրովը դեպի «թմրամոլային դժոխք» տանող ճանապարհ է անվանել մարիխուանայի լեգալացումը

Բազմաթիվ երկրներում կանեփից ստացվող մարիխուանայի (կաննաբիս) լեգալացումը տագնապ է հարուցում. դա դեպի «թմրամոլային դժոխք» տանող ուղիղ ճանապարհն է, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Վիեննայում թմրանյութերի հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի նախարարական մասնահատվածում իր ելույթի ընթացքում Լավրովը հիշեցրել է ՄԱԿ Գլխավոր անսամբլեայի 30-րդ Հատուկ նստաշրջանի Ամփոփիչ փաստաթղթի մասին, որում նշված է, որ թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծումը «մեր ընդհանուր և համատեղ պատասխանատվությունն է»։

«Ցավոք, այսօր փորձեր են ձեռնարկվում թուլացնել այդ պատասխանատվությունը կամ աղճատել դրա էությունը,- ասել է Սերգեյ Լավրովը։- Խորին տագնապ է հարուցում մարիխուանայի լեգալացումը մի շարք երկրներում՝ ռեկրեացիոն և բժշկական նպատակներով։ Դա դեպի «թմրամոլային դժոխք» տանող ուղիղ ճանապարհն է»։

ՌԴ արտգործնախարարի խոսքերով, «մարդու իրավունքների մասին փաստարկներով «սքողվելու» փորձերը քննադատության չեն դիմանում»։ Նա հիշեցրել է, որ ՌԴ-ում սկսվել է մինչև 2030թ. Պետական հակաթմրանյութային քաղաքականության ռազմավարության մշակումը, «որը կոչված է արդյունավետ պատասխաններ մշակել այդ ոլորտում առկա նոր մարտահրավերներին»։

«Շարունակելով անզիջում պայքարը թմրահանցավորության դեմ, անհրաժեշտ է ավելի մատչելի դարձնել մարդկանց ցավն ու տառապանքները թեթևացնելու համար նախատեսված վերահսկելի նյութերը»,-ընդգծել է Լավրովը։