Դեռևս հայտնի չէ՝ ընտանեկան նպաստի համակարգում բարեփոխո՞ւմ է լինելու, թե սոցիալական պայթյունի հանգեցնող չարեփոխում

Կառավարությունն առաջնահերթ նպատակ ունի ամբողջապես վերափոխել ընտանեկան նպաստի գործող համակարգը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկացմամբ, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը աշխատանքային քննարկում է կազմակերպել Համաշխարհային բանկի և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ: Հանդիպման առիթը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես, ընտանեկան նպաստների համակարգի արդիականացմանն ուղղված գործընթացի քննարկումն էր:

Ներկայացնելով արդեն իրականացված աշխատանքներն ու հետազոտությունները, նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է աղքատության հաղթահարումը, որի առաջնային պայմաններից է ընտանեկան նպաստի գործող համակարգի ամբողջական վերափոխումը:

«Ընտանեկան նպաստի գործող համակարգը բազմագործոն է և բազմաբաղադրիչ, – ասել է նախարարի տեղակալը:- Այն վերափոխելու համար հարկավոր է օգտագործել արդեն իսկ փորձարկված ու կիրառված գործիքներ ու մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ունենալու ամբողջական վերլուծություն և համապարփակ պատկեր»։

Անդրադառնալով մեկնարկող աշխատանքներին, Անդրեասյանը նշել է, որ, առաջին հերթին, պետք է հստակեցնել համակարգի թիրախներն ու նպատակները, հասկանալ ինչպիսի ծրագրեր կան և քարտեզագրել դրանք: Մշակվող քաղաքականությունը, ըստ նրա, միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մենաշնորհը չէ. այն ենթադրում է տարբեր գերատեսչությունների ջանքերի համատեղում ու տարբեր քաղաքականությունների համաձայնեցում:

Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում հայտնել են իրենց պատրաստակամությունն ու աջակցությունը՝ իրականացվող գործընթացին մասնակից լինելու և իրենց փորձառությունը կիսելու: Դարձյալ հիշյալ նախարարության տեղեկացմամբ, նրանք ներկայացրել են արդեն մշակված այն գործիքակազմը, չափորոշիչներն ու մոնիթորինգային համակարգը, որը թույլ կտա բարեփոխել ոչ միայն ընտանեկան նպաստի համակարգը, այլև գործող միջոց դառնալ զբաղվածության, ժողովրդագրության և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու համար:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության և պատրաստակամության համար, Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ համատեղելով բոլորի ջանքերն ու կարողությունները, մոտ ժամանակներում կունենանք ոլորտի փաստարկված քաղաքականություն և կարձանագրենք իրական արդյունքներ: