22-ամյա տնօրենը խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն է կատարել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կրթական մշակութային նախաձեռնությունների կենտրոնի տնօրենի կողմից կատարված խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ կենտրոնի տնօրենը՝ ծնված 1997թ․, խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ իր աշխատակցին պատկանող հողամասը վերջինիս անունով սեփականաշնորհելու հարցում օժանդակելու պատրվակով, կրթական մշակութային նախաձեռնությունների կենտրոնի գրասենյակում 2018թ․ հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 30-ն աշխատակցից մաս-մաս ստացել է 200 000 դրամ գումար:

22-ամյա տնօրենը, սակայն, սեփականաշնորհման ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել, աշխատակցի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով հափշտակել է վերջինիս տրած զգալի չափերի գումարը և այն օգտագործել իր անձնական կարիքների համար:

Երիտասարդ տնօրենին մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: