Միասնական եվրասիական բրենդի ստեղծման հնարավորությունները

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերության ոլորտի նախարարների հանդիպմանը

Մարտի 13-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերության ոլորտի նախարարների հանդիպումը, որին մասնակցել են Միության բոլոր երկրների կառավարությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչութան տեղեկացմամբ,  Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են տնտեսության գերակա ոլորտներում ներմուծման փոխարինման իրականացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտնել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու ԵԱՏՄ երկրների որոշակի առաջարկներն այն ապրանքների փոխարինման մասով, որոնք նախկինում Ռուսաստանը ներկրում էր երրորդ երկրներից։

Քննարկվել է անդամ երկրների հնարավոր մասնակցությունը Ռուսաստանում մշակված արդյունաբերության ոլորտում պետական տեղեկատվական համակարգին, ինչպես նաև ԵԱՏՄ-ում միասնական արդյունաբերական քաղաքականության ձևավորման հեռանկարները։

Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև որոշ ապրանքների մասով միասնական եվրասիական բրենդի ստեղծման հնարավորությունների վերաբերյալ՝ դեպի երրորդ երկրներ ավելի արդյունավետ արտահանում իրականացնելու նպատակով։