«Բաքուն ու Երևանը համաձայնեցնում են Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպման ժամկետները». Է. Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ներկայումս Բաքուն ու Երևանը համաձայնեցնում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամկետները։

«Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը նախապատրաստվում է,- տեղեկացրել է Է. Մամեդյարովը «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը։- Համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ։ Տվյալ պահին համաձայնեցվում են ժամկետները, որոնք կհայտարարվեն ավելի ուշ»։

Նրա խոսքերով, նախապատրաստվում է նաև երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։

«Դա նույնպես ընթանում է բարձր մակարդակով հանդիպման նախապատրաստմանը զուգահեռ»,- ասել է Մամեդյարովը։

Նախարարը չի բացառել, որ հայ գործընկերոջ հետ հանդիպումը կարող է նախորդել բարձր մակարդակով հանդիպմանը։

«Ամեն ինչ հնարավոր է,- հավելել է նա։- Ես նախապես չեմ ցանկանում խոսել, չեմ ցանկանում իրարանցում ստեղծել»։