Թուրքիան անհանգստացած է

ԵԽ-ն ընդունել է Թուրքիայի եվրաինտեգրման բանակցություններն առկախելու զեկույցը

Մարտի 13-ին Եվրախորհրդարանում քվեարկության էր դրվել Թուրքիայի վերաբերյալ զեկույց, որով կոչ էր արվում առկախել Թուրքիայի և Եվրամիության միջև ընթացող եվրաինտեգրման բանակցությունները։ Ինչպես տեղեկացրել է «Ermenihaber»-ը, զեկույցը կազմել էր Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին։ Զեկույցին կողմ է քվեարկել 370 պատգամավոր, 109-ը՝ դեմ, 143 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Ըստ աղբյուրի, զեկույցում նշված է, որ Թուրքիայում շարունակվում են ոտնահարվել մարդու իրավունքները։

Զեկույցին արդեն արձագանքել են Թուրքիայի արտգործնախարարությունը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը։ Վերջինս մասնավորապես ասել է.

«Զեկույցը, որտեղ առկա են անհիմն պնդումներ, ընդունվեց ԵԽ-ում։ Սա ցուցիչ է, որով տեսնում ենք, որ մեր երկրի դեմ ԵԽ-ի կողմնակալ դիրքորոշումը շարունակական բնույթ է կրում»։

ԱԶԿ-ի խոսնակն էլ ԵԽ-ի զեկույցն անվանել է «անարժեք, իրավական ուժ չունեցող և հեղինակություն չունեցող որոշում»:

Թուրքիայի արտգործնախարարությունն այդ առթիվ հայտարարություն է տարածել, որում ԵԽ-ի որոշումը միակողմանի և ոչ օբյեկտիվ է որակվում, մխիթարվելով այն հանգամանքով, որ զեկույցը միաձայն չի ընդունվել։

«Նշյալ խորհրդատվական բնույթի որոշումը մեզ համար ոչինչ չի նշանակում»,- նշված է հայտարարության մեջ ու հավելած, որ 751 տեղանոց Եվրախորհրդարանում 370 կողմ ձայնով զեկույցի ընդունումը ցույց է տալիս, որ դա չի ստացել բոլորի աջակցությունը:

Հայտարարության մեջ անհանգստություն է արտահայտվում նաև Թուրքիայի վերաբերյալ ԵԽ-ի զեկույցում Հայոց ցեղասպանության մասին հիշատակման համար: