Մարդիկ ավելի շատ հիվանդանում են թերսնուցումից, քան ծխախոտի ծխից (տեսանյութ)

Հեղափոխությունից ավելի քան տասն ամիս է անցել, սակայն մեր սոցիալ-տնտեսական կյանքում որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել։ Հեղափոխության միակ ձեռքբերումն այս ընթացքում եղան Երևանի քաղաքային իշխանությունների և Ազգային ժողովի ընտրությունները, որոնք հռչակվեցին արդար և թափանցիկ։ Այդքանով հեղափոխության առաքելությունը մեզանում ավարտվեց, համենայն դեպս, Հայաստանի քաղաքացիներն առ այսօր, ինչպես ասում են, իրենց մաշկի վրա չեն զգացել ակնկալած փոփոխությունները։ LIVEnews.am-ի տաղավարում մեզ տված հարցազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը։

Քաղաքագետն անդրադարձավ նաև հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններին, որոնք կավելացնեն փոքր ու միջին տնտեսվարողների հարկային բեռը՝ նրանց դուրս մղելով շուկայից, կառավարության օպտիմալացմանը, որի դեպքում էլ կտրուկ կավելանա գործազուրկների թիվը։

Նրա կարծիքով, կառավարության իրականացրած մի շարք ծրագրեր այսօր անհրաժեշտ հրատապությունը չունեն և միտված չեն բարելավելու քաղաքացիների կյանքը և բարձրացնելու նրանց կենսամակարդակը, մինչդեռ այս վերջինին նպատակաուղղված ծրագրերը երկրորդական, երրոդական պլան են մղվել։ Օրինակ, ՀՀ առողջապահության նախարարությունը հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին նախագիծ է նախապատրաստում, մինչդեռ առողջապահական տեսանկյունից այսօր շատ ավելի կարևոր է լուծել մեր քաղաքացիների թերսնուցման խնդիրը, որն ավելի շատ է նպաստում անբուժելի հիվանդությունների առաջացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում