Մոսկվան ԵԱՀԿ-ից որոշակիություն է պահանջում Դոնբասի հարցով, իսկ մենք նույնը պետք է պահանջենք Արցախի հարցով

Մարտի 7-ին մամուլի իր ավանդական ճեպազրույցում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կտրուկ գրոհեց և՛ Ուկրաինայի, և՛ ԵԱՀԿ-ի վրա՝ առայժմ ի դեմս Դոնբասի հարցով Հատուկ մոնտորինգային առաքելության։

Նման կոշտ ձևով Ռուսաստանը վաղուց «տեղը չէր դրել» Ուկրաինային և ԵԱՀԿ-ին։ Պատճառն այն էր, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են նախագահական ընտրություններին։ Ընդ որում, այնքան կոպիտ են խաղարկում «Ռուսաստանի հետ գալիք պատերազմի» թեման, որ բանը հասել է Ղրիմն ազատագրելու համար գումարտակի ցուցադրական կազմավորմանը։ Դե, իսկ Նովոռոսսիայում ուկրաինական զինվորական ստորաբաժանումներն օրեցօր լկտիանում են՝ Դոնբասի հարցով վերոնշյալ Հատուկ մոնիտորինգային առաքելության կողմից միջամտության իսպառ բացակայության պայմաններում։

«Իշխանությունը պահպանելու համար պայքարում Կիևի ղեկավարությունը շարունակում է ձևանալ մտացածին «ռուսական ագրեսիայի» զոհ, միաժամանակ սաբոտաժի ենթարկելով մինսկյան «Միջոցառումների համալիրը»»,- հայտարարեց Մարիա Զախարովան։

Ընդ որում, շարունակեց նա, Կիևին աջակցություն ցուցաբերելու համար դեպի Դոնբաս «ոտքները բացել  են արևմտյան քաղաքական գործիչները»։ Այսպես, Զախարովայի տվյալներով, փետրվարին այնտեղ եղել են 10 օտարերկրյա պատվիրակություններ, իսկ մարտի առաջին 10 օրերին՝ արդեն երեք։

«Անհնար է չնկատել, որ Դոնբաս կատարվող նման այցելությունների նախօրեին, ասես պատվերով, դիտարկվում է իրավիճակի սրացում»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան հիշեցրել է, որ ԵԱՀԿ Հատուկ մոնիտորինգային առաքելությունը փետրվարի 8-12-ին կողմերի սահմանազատիչ գծի վրա արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտումների քանակի նվազում, սակայն փետրվարի 13-ին և 14-ին, այսպես կոչված, միացյալ ուժերի գործողության գոտի Նորվեգիայի և Ֆրանսիայի դեսպանների այցի նախօրեին, իրավիճակն արմատապես փոխվել է։

«Փետրվարի 13-ի առավոտյան միջազգային դիտորդների կողմից արձանագրվել է գնդակոծումների քանակի նշանակալի աճ,- ասաց Զախարովան։- Միայն Դոնեցկի ուղղությամբ պայթյունների թիվը նախորդ օրերի համեմատ 30-ից աճել է մինչև 430-ի․․․ Տպավորություն է ստեղծվում, որ ուկրաինական ռազմական հրամանատարությունը արտասահմանյան հյուրերի այցի նախօրեին քարոզչական նպատակներով կանխամտածված սադրում է իրավիճակի սրացում Դոնբասում։ Ընդ որում, Կիևի կողմից վտանգի է ենթարկվում խաղաղ քաղաքացիների կյանքը և ոչնչացվում են քաղաքացիական օբյեկտներ»։

Զախարովան, որպես այդպիսի սադրանքի ընդամենը մեկ օրինակ, նշեց Ուկրաինայի Զինված ուժերի (ՈՒԶՈՒ) կողմից նպատակաուղղված հարվածները Դոնեցկի ջրազտման կայանին, որը խմելու ջրով է ապահովում ոչ միայն ԴԺՀ-ի, այլև Դոնեցկի մարզի՝ Կիևին ենթակա տարածքների բնակչությանը։

«Կոչ ենք անում ԵԱՀԿ Հատուկ մոնիտորինգային առաքելությանը՝ ուժեղացնել դիտորդական գործունեությունը Դոնբասում,- ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։- Պահանջվում է ոչ թե հատվածական տեղեկատվություն, այլ համակողմանի հայացք Ուկրաինայի զինված ուժերի ռազմական նախապատրաստություններին, անհրաժեշտ է հստակ ճշգրտել, թե որ կողմն է սադրում  իրավիճակի սրացում և գնդակոծումներ, դրանց հետևանքները՝ խաղաղ բնակչության տված զոհերի և քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացման առումով։ Առաքելությունից պահանջում ենք մանրամասն թեմատիկ զեկույց այս հարցի վերաբերյալ»։

Իրոք, բազմաթիվ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ ուկրաինական զինվորականները մարտի 1-ին կրակ են բացել Վասիլևսկի պոմպակայանի վրա, որը գտնվում է համանուն գյուղում, Դոնբասի Յասինովատայա երկաթուղային կայարանի մերձակայքում։ Վասիլևսկի պոմպակայանը, որը միացված է Հարավ-դոնբասյան ջրատարին և խմելու ջրով է ապահովում զորքերի շփման գծի երկու կողմերի շրջանները, մշտապես ընկնում է ուկրաինական ուժայինների հարվածների տակ։ Մարտի 2-ի ուկրաինացիների գնդակոծության արդյունքում ոչնչացվել են էլեկտրահաղորդման գծերը, ինչի պատճառով Յասինովատայի մոտ գտնվող երկու գյուղեր հոսանքազրկվել են։ Մարտի 4-ին ուկրաինացիները ականանետային հրակոծման են ենթարկել Դոնեցկի ծայրամասի Ժաբիչևո և ԴԺՀ-ի հարավում գտնվող Կոմինտերնովո գյուղերը։ Հաղորդագրություններում նշված է, որ բացի ականանետերից, բնակավայրերի գնդակոծման ժամանակ ՈՒԶՈՒ-ն կիրառել է նաև հաստոցային հակատանկային նռնականետեր, խոշոր տրամաչափի գնդացիրներ, այլ հրազեն։ Վերջապես, ինչպես մարտի 7-ին հաղորդեցին Դոնեցկից, ուկրաինական զորքերը կրակ են բացել Դոկուչաևսկ  քաղաքի (ԴԺՀ) վրա՝ «հանուն հեռուստատեսային ռեպորտաժի նկարահանումների»։ Այդ մասին ԴԺՀ Ժողովրդական միլիցիայի վարչության մամուլի ծառայության պետ Դանիիլ Բեզսոնովը հաղորդել է Դոնեցկում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Համոզված եմ, որ ՈՒԶՈՒ-ի ակտիվացումը Դոնբասում, ինչպես և ճչուն հեռուստաքարոզչությունը հօգուտ «Ռուսաստանի հետ պատերազմի» կամ «Ղրիմի ազատագրման», Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի և նրա ընդդիմախոսների ապաշնորհ փորձերն են՝ ազգայնամոլության խարույկ վառելու և այդ ալիքի վրա մտնելու նախագահական ընտրություններ։ Դժվար թե այդ ամենը իրապես հասցնի պատերազմի, նույնիսկ պատերազմի՝ Նովոռոսսիայի ժողովրդական հանրապետությունների դեմ։ Կիևում ցանկացած քաղաքական գործիչ հասկանում է, որ պատերազմը, նախ, ընտրությունների տապալում է, և երկրորդ՝ պատերազմն անմիջապես կհանգեցնի ուկրաինական զորքերի հրեշավոր կորուստների։ Ընդ որում, ցանկացած պատերազմ, էլ չենք խոսում արդեն Ռուսաստանի դեմ պատերազմի կամ խելագարության մասին։ Այստեղ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ծնկները թեև արդեն մեկ տարի է, դողում են, սակայն համոզված չեմ, թե ուկրաինական նեոբանդերական ազգայնամոլներն այն աստիճան բութ են ու շիզոֆրենիկ, որ չհասկանան՝ մի բան լինելու դեպքում հենց իրենց վրա է «փորձարկվելու» ռուսաստանյան նորագույն սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ներգործությունը։ Օրինակի համար նշեմ, որ նույն այդ Պորոշենկոն մոտ 2 շաբաթ առաջ սպառնում էր կրկնել ուկրաինական ռազմանավերի «արշավանքը» դեպի Կերչի նեղուց և Ղրիմի կամուրջ։ Հավատացեք՝ Օդեսայից մինչև Կերչ ռազմանավերը լողում են բնավ ոչ 2 շաբաթ շարունակ։ Մինչդեռ, մարտի 7-ի դրությամբ Կերչից նույնիսկ 100 կիլոմետր հեռավորության վրա չի եղել ուկրաինական ոչ մի մակույկ, նավերի մասին ընդհանրապես խոսք չկա։

Ուշադրություն դարձնենք Մ. Զախարովայի ձևակերպած պահանջներին։ Անհրաժեշտ է, որ Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի համապատասխան իշխանությունները ճիշտ նույնպիսի պահանջներ՝ «հստակ ճշգրտել, թե որ կողմն է սադրում իրավիճակի սրացում և գնդակոծումներ», «առաքելությունից պահանջում ենք մանրամասն թեմատիկ զեկույց այդ հարցի վերաբերյալ», ամենամոտ ժամանակներս հասցեագրեն արցախ-ադրբեջանական գոտում ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի առաքելությանը։ Իսկ ինչո՞ւ օրինակ չվերցնենք Ռուսաստանի ԱԳՆ-ից տվյալ դեպքում։

 

Սերգեյ Շաքարյանց