Հայաստանը կզարգացնի քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման կարողությունները

Մարտի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ՓԾ գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունել է ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչների խմբին (ութ մարդ), որի ղեկավարն է Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) հակազդման, քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման և կառավարման գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Ռենդի Քոթին:

ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպման նպատակն էր քննարկել քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ/CBRN) աղետների արձագանքման վերաբերյալ ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև գնահատել ԱԻՆ ՓԾ կարողությունները քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում:

Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Հայաստանին աջակցելու պատրաստակամության համար, ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը նշել է, որ ԱԻՆ անձնակազմը շատ ուրախ է և պատրաստ կյանքի կոչելու դեռևս նախորդ տարվա հանդիպման ընթացքում նախանշված ուղղություններն ու ծրագրերը: ՓԾ տնօրենը կարևորել է ԱՄՆ-ի հարուստ փորձի ներդրման հնարավորությունները Հայաստանում:

Ռ. Քոթին նշել է, որ ամերիկյան կողմի նպատակն է վերապատրաստել, սարքավորումներով ապահովել և զարգացնել Հայաստանի՝ ՔԿՃՄ արձագանքման հատուկ հմտությունները, որոնք կհզորացնեն պետության արձագանքման կարողություններն այս բնագավառում՝ ռազմավարական, օպերատիվ և մարտավարական առումներով:

Ծրագիրը կտևի 3-5 տարի՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կարողությունները: Նախքան սկզբնական դասընթացների իրականացումը և սարքավորումներով ապահովումը, ԱՄՆ ներկայացուցիչները կուսումնասիրեն ՀՀ պահանջները և առաջնահերթ խնդիրները:

«Այս վերլուծության հիման վրա կորոշվի, թե ԱՄՆ-ը և Հայաստանը երկրում ՔԿՃՄ արձագանքման կարողությունները հզորացնելու ուղղությամբ համատեղ ինչ հնարավորություններ ունեն»,- ասել է Ռ. Քոթին:

Որպես ծրագրի վերջնական արդյունք, նախանշված է, որ Հայաստանը պետք է զարգացնի ԶՈԶ/ՔԿՃՄ միջադեպերի կառավարման և արձագանքման կարողությունները և այս բնագավառում ունենա հաստատուն և կայուն համակարգ: Այս ծրագրի իրագործման շնորհիվ, Հայաստանի կառավարությունը կկարողանա բավարարել ՔԿՃՄ միջադեպերի արձագանքման ու հետևանքների կառավարման ուղղությամբ առկա կարիքները: