Ծխելու դեմ պայքարից մինչև մարիխուանայի օրինականացման մտահոգություններ (տեսանյութ)

Ծխելու դեմ պայքարն, հակառակը, տնտեսապես ձեռնտու է պետությանը

ՀՀ առողջապահության նախարարությունն օրինագիծ է մշակել հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին, բացի այդ, կառավարությունն ակցիզային հարկի բարձրացման միջոցով մտադիր է նպաստել ծխախոտի գնի բարձրացմանը՝ դա հիմնավորելով նրանով, որ ծխողների թիվն այդպիսով կտրուկ կնվազի։

ՀՀ առողջապահության նախարարության թմրաբանության գծով խորհրդատու, բժիշկ-թմրաբան Սուրեն Նազինյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ այդ նախաձեռնությունների շուրջ հասարակության շրջանում եղած մտահոգություններին՝ նշելով, որ ծխելու դեմ միանշանակ պետք է պայքարել, քանի որ այդ վնասակար սովորությունը մարդու, այդ թվում պասսիվ ծխողների առողջության վրա բացասական լուրջ ազդեցություն է թողնում։ Բայց միայն խիստ օրենքները բավարար չեն արդյունավետ պայքարի համար։

Նա նաև անդրադարձավ տնտեսագետների այն հարցադրումներին, թե ծխելու դեմ պայքարը պետության համար արդյոք տնտեսապես վատ հետևանքներ չի՞ ունենա։ Սուրեն Նազինյանը վստահ է, որ, հակառակը, կրճատելով ծխողների թիվը՝ պետությունը մեծ գումար կխնայի առողջապահական ոլորտում արվող ծախսերից, քանի որ զգալիորեն կկրճատվի ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների թիվը։

Բժիշկ-թմրաբանը խոսեց նաև մարիխուանայի բացասական ազդեցության մասին՝ ասելով, որ այն միանշանակ կախվածություն է առաջացնում և կարող է տարբեր բացասական հետևանքներ ունենալ մարդու առողջության վրա, ընդհուպ մինչև թուլամտություն առաջացնելը։ Նա թեև չի կիսում հասարակական այն մտահոգությունները, որ մեր երկրում մարիխուանան օրինականացնելու քայլեր են արվում, սակայն հավատացրեց, որ նման բան լինելու դեպքում ինքն օրինականացման մասին նախագծի դեմ պայքարողներից մեկը կլինի՝ նկատի ունենալով այն չարիքը, որ մարիխուանան կարող է մարդուն պատճառել։

Մանրամասները՝ տեսանյութում