Ադրբեջանի զորավարժությանը ներգրավվել են բելառուսական «Պոլոնեզ»-ն և իսրայելական LORA-ն

Ադրբեջանում ընթացող պլանային լայնամասշտաբ զորավարժություններին  ներգրավվել են նաև բելառուսական համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները: Հայտնելով այս մասին, «Razm.info»-ն տեղեկացրել է, որ դատելով Ադրբեջանի ՊՆ հրապարակումից, «Պոլոնեզի» և LORA-ի դիվիզիոնների շարասյունները դուրս են գալիս մշտական տեղակայման վայրից, մեկնում օպերատիվ շրջաններ, բերվում մարտական վիճակի, պատրաստվում կրակի: Հրապարակումից պարզ չէ՝ մարտական կրա՞կ եղել է, թե ոչ:

Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել է երեկ՝ մարտի 11-ին: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, այդ վարժանքներին ներգրավվել են մինչև 500 միավոր զրահատանկային տեխնիկա, ավտոմոբիլային և հատուկ միջոց, մինչև 300 միավոր տարբեր տրամաչափի հրթիռահրետանային միջոց, տարբեր նշանակության մինչև 20 միավոր ավիացիոն միջոց: