Թուրքիան և Ադրբեջանը կմասնակցեն «Վրաստան-ՆԱՏՕ» միջազգային զորավարժություններին

Թուրքիան կմասնակցի մարտի 18-29-ը կայանալիք «Վրաստան-ՆԱՏՕ» համատեղ միջազգային զորավարժություններին։ «Ermenihaber»-ի տեղեկացմամբ, Վրաստանում անցկացվելիք զորավարժություններին, ընդհանուր առմամբ, կմասնակցի 24 երկիր։

Ինչպես նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ, զորավարժությունները կանցկացվեն Թբիլիսիի մերձակայքում գտնվող «Կրցանիսի» ռազմաբազայում տեղակայված «Վրաստան-ՆԱՏՕ» ուսումնական կենտրոնում։ Միջոցառման բացումը տեղի կունենա մարտի 18-ին։

«Վրաստան-ՆԱՏՕ» համատեղ զորավարժություններին բացի Թուրքիայից և Ադրբեջանից,  կմասնակցեն Ալբանիան, Բելգիան, Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Հունաստանը, Անգլիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, ԱՄՆ-ը, Շվեդիան և Գերմանիան։

Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, զորավարժությունների նպատակն է զարգացնել մասնակից երկրների զինված ուժերի թիմային ունակությունները, քաղաքացիական և ռազմական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև Վրաստանի պաշտպանական և վերահսկման կարողությունները։

Հայտնի է նաև, որ զորավարժություններում որպես դիտորդ մասնակցելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։