Թուրքերը սկսել են վերահսկել Իդլիբը, բայց հասկանալի չէ՝ ով է նրանց թույլ տվել…

2019թ․ մարտի 9-ին Թուրքիան տեղեկատվություն արտանետեց, որի նպատակն էր որոշ չափով «բացել չակերտները» այն առնչությամբ, թե սիրիական Իդլիբ նահանգի հարցով ինչպիսի պայմանավորվածությունների են հանգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեպ Թայիփ Էրդողանն անցած տարի Սոչիում։ Հիշեցնեմ, որ այն ժամանակ, համաձայն ռուսական, սիրիական և իրանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, նշվում էր, որ ՌԴ նախագահը հարց է դրել այն մասին, որ Սիրիան սեղմ ժամկետներում պետք է վերականգնի իր վերահսկողությունը երկրի ողջ տարածքի, այդ թվում նաև թուրք-սիրիական սահմանի նկատմամբ։

Սակայն, մարտի 9-ին Անկարան հայտարարեց, որ Թուրքիայի զինված ուժերը սկսել են ապաահագնացման «Իդլիբ» գոտու վերահսկումը Սիրիայում, ինչն էականորեն փոխում է մեր պատկերացումներն իրավիճակի հնարավոր զարգացման վերաբերյալ։ Սկզբում՝ թուրքական տեղեկատվության մասին։ Համաձայն թուրքական «Anadolu» գործակալության հաղորդման, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ վերահսկումն իրականացվում է ռուսաստանյան զինվորականների հետ համատեղ։

«Մոսկվան վերահսկողություն է իրականացնելու Իդլիբի սահմանների երկայնքով, իսկ Անկարան՝ այն տարածաշրջաններում, որտեղ ահաբեկիչներից խլվել է սպառազինությունը,- նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։- Հսկողությունն իրականացվում է ապառազմականացված գոտում՝ Իդլիբի հյուսիսից մինչև Հալեպ նահանգի հարավային շրջաններ ընկած շփման գծի երկայնքով»։ Այսինքն՝ կարծես թե Իդլիբ նահանգի վարչական սահմանների ներսում։

ՌԴ նախագահի աշխատակազմն ու ՌԴ պաշտպանության նախարարությունն առայժմ չեն արձագանքել թուրք նախարար Հուլուսի Աքարի հայտարարությանը։ Բայց արձագանք, այնուհանդերձ, պետք է լինի։ Եվ ահա թե ինչու․․․ Նախագահ Էրդողանն, իրոք, դեկտեմբերի 14-ին Սոչիում գոհունակություն արտահայտեց Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու գաղափարի նկատմամբ Մոսկվայի դրական մոտեցման առթիվ։ Իսկ ավելի վաղ, 2018թ. սեպտեմբերի 17-ին Սոչիում Պուտինը և Էրդողանը պայմանավորվել էին մինչև հոկտեմբերի 15-ը Իդլիբ նահանգում ստեղծել ապառազմականացված գոտի՝ Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության շփման գծի երկայնքով 15-20 կմ խորությամբ։ Անկարան, սակայն, տապալեց սեպտեմբերի պայմանավորվածությունները և տապալում է դրանք մինչև օրս։ Ավելին․ Թուրքիան անթաքույց առճակատման է գնում Մոսկվայի դաշնակիցների՝ Սիրիայի կառավարության և Իրանի հետ։ Չէ՞ որ Իրանը նույնպես պետք է ստանա Իդլիբի վերահսկման առնվազն 6 հենակետային հսկիչ կետեր։ Սիրիան էլ չի պատրաստվում հրաժարվել իր տարածքներից։

Բանն այն է, որ ընդունելով Սիրիայի հյուսիսում «բուֆերային» կամ «անվտանգության գոտիներ» ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի խնդրանքները, Ռուսաստանն առաջադրեց երկու կարևորագույն պայման։ Առաջին. նման գոտիները չեն կարող ստեղծվել առանց սիրիական օրինական իշխանությունների մասնակցության։ Այսինքն՝ սիրիական բանակի զինծառայողների։ Եվ դա արդեն ենթադրում էր, որ Էրդողանը ստիպված էր լինելու հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության հանդեպ ամերիկամետ դիրքորոշումներից։

Երկրորդ. հիշեցնեմ, որ դեռևս 2017թ. մայիսի 4-ին Աստանայի բանակցություններում ռուսաստանյան պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարեց, որ ՌԴ ՕՏՈՒ-ն կդադարեցնի աշխատանքը ապաահագնացման գոտիներում միայն այն դեպքում, եթե այդ գոտիներից գրոհներ չլինեն Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի վրա։ Սակայն հենց այս օրերին «Իդլիբ» գոտուց փորձեր են արվում գրոհել սիրիական բանակի վրա։

Այս տարվա փետրվարին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը որոշ մանրամասներ լուսաբանեց Իդլիբի հարցով ռուս-թուրքական բանակցությունների վերաբերյալ։ Նրա խոսքերով, թեև ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունն անհրաժեշտություն է, այդուհանդերձ, առայժմ անորոշ է մնում, թե որոշակի ով է այն անցկացնելու. Թուրքիա՞ն, թե «որևէ այլ երկիր»։ Որպեսզի Իդլիբի հարցում համաձայնությունը գործի, ասաց Պեսկովը, ոչ մի հարձակում չպետք է լինի ռուսական «Խմեյմիմ» ռազմակայանի, Հալեպի կամ սիրիական բանակի վրա։ Բայց, ինչպես տեսնում ենք, սիրիական բանակի վրա հարձակումները չեն դադարում։

Երրորդ. ԱՄՆ-ի զորքերի հայտարարված դուրսբերումը, այդ թվում նաև՝ Սիրիայի հյուսիսից, «հետաձգվում է», դրա փոխարեն, ամերիկյան օդուժը նորից ֆոսֆորային ռումբեր է կիրառել սիրիական խաղաղ բնակչության դեմ։ Ինչպես մարտի 7-ին հաղորդել է անգլիական «Reuters» գործակալությունը, ԱՄՆ-ի բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոտելը հայտարարել է, որ իր կառավարությունը «ճնշում չի գործադրում» զինվորականների վրա և Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետներ չի դնում։

«Մեր գլխավոր նպատակն է… որ չնահանջենք այնպիսի ձևով, որը կմեծացնի մեր ուժերի ռիսկերը,- ասել է նա։- Ինձ վրա ճնշում չեն գործադրում, որ դուրս գամ որոշակի ժամկետում»։

Չորրորդ. սիրիական քրդերի անհամաձայնությունը «թուրքական վերահսկողությանը»՝ Սիրիայի հյուսիսի ցանկացած տեղում։ Եվ դա խնդիր է, եթե հաշվի առնենք և՛ քրդերի հաստատակամությունը, և՛ այն, որ, ամերիկյան գեներալ Վոտելի խոսքերով, ԱՄՆ-ը չի շտապի հեռանալ Սիրիայից։

Այսպիսով, Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի արձագանքը թուրք նախարար Հուլուսի Աքարի հայտարարությանը, ինչպես և այն փաստին, որ Իդլիբ նահանգում արդեն մարտեր են ծավալվում, անպայման պետք է լինի։ Առավել ևս, երբ հաղորդվում է, որ այդ գոտում ահաբեկիչները վերջին ժամանակներս նշանակալիորեն ակտիվացել են, իսկ ավելի վաղ նրանք նաև Հալեպի նահանգում գնդակոծել են բնակելի ավան, ինչի արդյունքում զոհվել են 2 խաղաղ բնակիչ, ևս 8-ը՝ վիրավորվել։ Սիրիական բանակը ստիպված է եղել հակագործողությունների անցնել Իդլիբում, ինչպես նաև Համա գավառի հյուսիսում։ Եթե Ռուսաստանն ու Իրանը չհաստատեն թուրք նախարար Աքարի հայտարարություններն այն մասին, թե թուրքերի կողմից Իդլիբի վերահսկումը համաձայնեցված է, ապա աշխարհը կբախվի Մոսկվայի և Թեհրանի կտրուկ հակազդեցությանը, և իրավիճակը Հյուսիսային Սիրիայում է՛լ ավելի կսրվի։

 

Սերգեյ Շաքարյանց