Աղքատությունն ուղեղներից հանելու հորդորը չի օգնի, կառավարությունը պետք է նպաստի դրան (տեսանյութ)

Ի՞նչ տվեց մեր հանրությանը հեղափոխությունը, և տեղի ունեցածն արդյոք կարելի՞ է հեղափոխություն անվանել, ինչո՞ւ հասարակության մի մասը հերթական հիասթափությունն ապրեց, ի՞նչ տխուր հետևանքներ կարող է ունենալ զանգվածային հիասթափությունը։

Այս և հասարակության գիտակցության փոփոխության, իշխանություններից սպասելիքների մասին և այլ թեմաներով հարցազրույցում «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան, հոգեթերապևտ Արկադի Մեհրաբյանն ասաց, որ հեղափոխությունից հետո իշխանություններից հիասթափությունը կարող է հանգեցնել արտագաղթի նոր, հզոր ալիքի կամ ագրեսիաների ու նոր հեղափոխության, իսկ եթե ոչ, ապա ընկճվածությունը մարդկանց կմղի անգործության, սթրեսների, ինքնասպանությունների։ Նա ընդգծեց, որ նոր իշխանություններն իրենց խոստումներով հանրության առջև ավելի մեծ պատասխանատվություն են ստանձնել ու նոր սպասելիքներ ձևավորել, որոնք առայժմ չեն իրականացնում։

Հոգեբանի կարծիքով, առայժմ գործուն, տեսանելի քայլեր չեն արվում նոր իշխանությունների խոստումների իրականացման ուղղությամբ, քայլեր, որոնք ապագայում դրական փոփոխությունների հավատ կձևավորեն, մինչդեռ առկա վիճակն ավելի և ավելի վտանգավոր է դառնում այն առումով, որ հիասթափվողների բանակն է մեծանում։

Խոսելով ՀՀ վարչապետի՝ աղքատությունն ուղեղներից հանելու վերաբերյալ հասարակությանն ուղղված հորդորի մասին, Արկադի Մեհրաբյանն ասաց, որ միայն հորդորներ անելով, հնարավոր չէ մարդկանց մղել գործելու, ստեղծելու, դրա համար պետք է նախ համապատասխան պայմաններ ստեղծել, սեփական գործողություններով նպաստել դրանց։