Դեսպան Փոլադյանը և Իրաքի տրանսպորտի նախարարը կարևորել են Իրանով դեպի Իրաք ապրանքափոխադրումների համար ցամաքային ճանապարհի բացումը

Մարտի 10-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է այդ երկրի տրանսպորտի նախարար Աբդուլլահ Լուաիբի Բահեդին (Abdullah Luaibi Bahedh)։ ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարարին շնորհավորել է պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։

Կողմերն անդրադարձել են հայ-իրաքյան երկկողմ հարաբերություններում տրանսպորտի բնագավառում առկա համագործակցության օրակարգին, մասնավորապես՝ դեսպան Փոլադյանը մատնանշել է Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 2-րդ երևանյան նիստի ընթացքում արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունները և դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտության մասին՝ կարևորելով Իրանի ճանապարհով դեպի Իրաքի մի շարք անցակետեր ապրանքափոխադրումների համար ցամաքային ճանապարհի բացումը, ինչը նոր լիցք կարող է հաղորդել երկկողմ առևտրափոխանակության ծավալների աճի համար։ Կողմերը պայմանավորվել են, որ այդ և սույն բնագավառի այլ ճյուղերում համագործակցության զարգացման նպատակով մոտ ժամանակներս երկու երկրների մասնագետները հնարավորություն կունենան բանակցելու։

Բացի դրանից, անդրադարձ է կատարվել Երևանի և Բաղդադի միջև օդային ուղիղ կանոնավոր չվերթ բացելու հնարավորություններին՝ պայմանավորվելով այս նախաձեռնության մասով նույնպես ձեռնարկել հստակ քայլեր։