Երիտասարդ ընտանիքների մատչելի բնակարան ձեռք բերելու հնարավորությունն էլ ավելի բարելավվեց

2010թ․ հունվարի 29-ին ընդունված «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում ՀՀ կառավարությունն այսօր որոշ փոփոխություններ մտցրեց. մասնավորապես՝ ամուսինների տարիքների հանրագումարի փոփոխությունը:

Նոր կարգավորմամբ այն բարձրացվեց մինչև 70 տարեկանը: Այս մասին կառավարության նիստում զեկուցեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը` հավելելով, որ ծրագրից օգտվողների ու մատչելի բնակարան գնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է:

ՀՀ վարչապետն իր հերթին ասաց, որ սրանով տեսանելիորեն բարելավվում է երիտասարդ ընտանիքի համար մատչելի բնակարան ձեռք բերելու հնարավորությունը»։

«Մենք կարող եք պաշտոնապես արձանագրել, որ 40-50 տարեկանները Հայաստանում համարվում են երիտասարդ, ինչի կապակցությամբ ներկա 50 տարեկաններին շնորհավորում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նախարարի տեղակալը նշեց նաև, որ երիտասարդ ընտանիքները նոր փոփոխությունների շնորհիվ կկարողանան բնակարան գնել 7,5 % կանխավճարով, նախկին 9 տոկոսի փոխարեն:

Բացի վերոնշյալից, առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանների վարկավորման չափը բարձրացվել է մինչև 30 մլն դրամ: Կառավարության տեղեկացմամբ, ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային ընկերություն: Մինչև 2018թ․ նոյեմբերի 14-ը տրվել է 3630 վարկ (1902-ը` Երևանում, 1728՝ ՀՀ մարզերում):