Աշոտ Ղուլյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է ԵՄ ծրագրերում Արցախի ներգրավման հնարավորությունները

Մարտի 6-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Արցախի Ազգային ժողովի լրատվական ծառայության տեղեկացմամբ, ներկայացնելով հանդիպման մասնակիցներին, «Եվրոպական խորհրդարան-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը նշել է, որ հանդիպումը լայն հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակելու Արցախին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:

Ողջունելով ներկաներին, Աշոտ Ղուլյանն անդրադարձ է կատարել Եվրոպական խորհրդարանի և Բելգիայի դաշնային ու տարածաշրջանային խորհրդարանների հետ համագործակցության հաջողված փորձին և ընդգծել Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո այն պահպանելու և առաջ մղելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Արցախի՝ ԵՄ տարբեր ծրագրերում, այդ թվում քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված նախագծերում ընդգրկվելու վերաբերյալ: