Իմ խնդիրն այն է, որ ինձ սիրեն, դրա համար էլ ես գրում եմ

Այսօր Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է

«Եթե ես գրող դարձած չլինեի, կուզեի դաշնակահար լինել բարում: Այդպիսով կօգնեի սիրահարներին ավելի ուժեղ սիրել իրար»․ Գարսիա Մարկես

 

Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը՝ կոլումբիացի գրող, սցենարիստ ու լրագրող, ծնվել է 1927թ․ մարտի 6-ին, կոլումբիական Արակատակա քաղաքում։ Նա ընդունվելով Բոգոտայի ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, կիսատ է թողել կրթությունը՝ զբաղվելով լրագրությամբ։

«Լրագրության մեջ միայն մի կեղծիքը կանխակալ է դարձնում ողջ աշխատանքը,- գրել է Մարկեսը։- Մինչդեռ գեղարվեստական գրականության մեջ միայն մի ճշմարիտ փաստը արժանահավատ է դարձնում ողջ ստեղծագործությունը»։

Մարկեսը հեղինակ է կարճ պատմվածքների, վիպակների, բայց առավել մեծ ճանաչում են բերել վեպերը։ Գրական քննադատների գնահատմամբ, նա մոգական ռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչն է։ Հայտնի են նրա «Թափված տերևներ», «Նահապետի աշունը», «Սերը ժանտախտի օրերին», «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին», «Գնդապետին ոչ ոք չի գրում» և այլ գործեր։ Իհարկե, լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց է համարվում նրա «Հարյուր տարվա մենություն» (1967թ.) վեպը (գիրքը հայ ընթերցողների սեղանին է հայտնվել Ռուբեն Հովսեփյանի ոչ պակաս արժեքավոր թարգմանությամբ), որը  1982թ․ գրականության ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի։

Իր հարցազրույցներից մեկում Մարկեսը պատմել է, որ «Հարյուր տարվա մենությունը» գրելիս, ստիպված էր դուրս գալ աշխատանքից ու վաճառել ավտոմեքենան՝ ընտանիքի հոգսը ժամանակավորապես հոգալու համար։

«Երբ գիրքն ավարտեցի, պարզվեց, որ մենք մսագործին պարտք ենք 5000 պեսո, ահռելի գումար,- ասել է Մարկեսը։- Պարզվեց նաև, որ շրջակայքում լուր էր տարածվել, թե ես շատ կարևոր գիրք եմ գրում, ու բոլոր կրպակատերերը փորձել էին որևէ բանով օգնած լինել: Ձեռագիրը հրատարակչին ուղարկելու համար 160 պեսո էր պետք, բայց մեզ մոտ մնացել էր միայն 80 պեսո: Այդ ժամանակ ես գրավ դրեցի կնոջս հարիչն ու վարսահարդարիչը: Իմանալով դրա մասին, նա ասաց. «Այսքանից հետո դա էր պակաս, որ վեպը վատ ստացվի»»։ Գիրքը, իհարկե, մեծ հաջողություն է ունենում:

«Իմ խնդիրն այն է, որ ինձ սիրեն,- խոստովանել է Մարկեսը:- Դրա համար էլ ես գրում եմ: Ես շատ եմ վախենում, որ կա ինչ-որ մեկը, որ ինձ չի սիրում, և ես ուզում եմ, որ այս հարցազրույցից հետո նա ինձ սիրի»։

 

Պատրաստեց Մարինե Ղարախանյանը