Օգնության են հասել զինծառայողները

Սիսիան-Գորիս ավտոճանապարհն օրերս, ինչպես հայտնի է, տեղացած առատ ձյան հետևանքով դարձել էր անանցանելի։ Բազմաթիվ վարորդներ անակնկալի գալով, հայտնվել էին անորոշ և ծանր իրավիճակում։ Որոշ մեքենաներ կողաշրջվել էին, մի մասը` հայտնվել ձնաբքի տակ։

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, 1-ին զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողները՝ հրամանատարությամբ փոխգնդապետ Ռ. Հովհաննիսյանի, այդ օրը ձեռնամուխ են եղել տուժած քաղաքացիներին օգնելու և ձնահոսքի տակ մնացածներին դուրս բերելու աշխատանքներին։ Բոլոր քաղաքացիները անհապաղ տեղափոխվել են զորամաս, որտեղ նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կազմակերպվել ընթրիք։

Այս մարդասիրական քայլի համար քաղաքացիները հատուկ շնորհակալություն և գոհունակություն են հայտնել զինծառայողներին, նշել, որ հպարտանում են հայոց բանակով, հայ զինվորով, խոնարհվում բոլոր այն զինծառայողների առջև, ովքեր անձնվիրաբար օգնության ձեռք են մեկնել քաղաքացիներին։