ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում, կոյուղաջրերով աղտոտված և առանց ոռոգման ջրի Արտաշար համայնքի խնդիրների կծիկը

ԷկոԼուրը ներկայացնում է Արմավիրի մարզի Արտաշար համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ կապված ՀԱԷԿ-ի ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների հետ:

Համայնքի խնդիրները ԷկոԼուրին ներկայացրեցին համայնքապետ Մանվել Օհանյանը և բնակիչները:

Միջուկային վտանգից պաշտպանվելու միակ միջոցը՝ նկուղները

1460 բնակիչ ունեցող Արտաշար համայնքը գտնվում է ՀԱԷԿ-ի ազդակիր գոտում՝ 7 կմ հեռավորության վրա: Սակայն համայնքում չկան հատուկ ապաստարաններ:

«Հիմնական ապաստարան չունենք: Մեր տարհանման պլաններով արտակարգ իրավիճակների դեպքում որպես ապաստարան ընտրված են բնակելի տների նկուղները, դպրոցի նկուղը», – ասաց Մանվել Օհանյանը:

Չկա նաև ահազանգերի ընդունման համապատասխան կայան: Համայնքապետը նշեց. «Հաղորդման կայանը Մեծամորում է, այս տարի խորհրդակցության ժամանակ բարձրացրել ենք հարցը, 100 տոկոս կլուծվի»:

Դեղամիջոցներ, որոնք միջուկային վտանգների դեպքում կարող են օգտագործվել առաջին օգնության համար, համայնքի բուժկետին չեն հատկացվում:

Միջուկային անվտանգության վերաբերյալ ուղղորդող պաստառներ ևս չկան: Տարհանման պլանն առկա է գյուղապետարանում, բայց ցուցադրված չէ:

Հասանելի են դպրոցի տարհանման պլանները, դրանք փակցված են միջանցքներում:

Ուսումնավարժական պարապմունքներ վերջին անգամ անցկացվել են 2017 թ-ին: Համայնքապետը և բնակիչները նշեցին, որ ՀԱԷԿ-ի հետ կապված իրավական ակտերի քննարկումներին չեն մասնակցել:

Միջուկային վտանգի իրազեկվածության մասին գիտելիքները համայնքապետը գնահատեց միջին, իսկ բնակիչները հիմնականում բավարար:

5 տարի է՝ առանց ոռոգման ջրի

Սևջուր գետի սակավության պատճառով ինչպես Արմավիրի մարզի շատ համայնքներում, Արտաշարում ևս սրվել է ոռոգման խնդիրը:

«Վերջին 5 տարիներին որոգման խնդիր ունեք. ջրի սակավությունն է պատճառը: 376 հեկտար մշակովի հողեր ունենք, բայց ջուր չկա,ժողովուրդը հիասթափված է: Մարդը մշակում է հողը, ամեն ինչ անում է, գալիս, հասնում է օգոստոս ամիսը, ջուր չկա: Ստացվում է, որմարդն իր հողի վրա ծախս է անում, բայց եկամուտ չի ստանում, դրամի կորուստ է ունենում: 187 տնտեսություն կա, մեկ տնտեսությունըմիջինը 1-1.2 միլիոն ծախս է անում, բայց այդ փողը կորում է: Վերջ, մարդը գնաց, ընկավ վարկի, պարտքի տակ: Գյուղի 60 տոկոսը այսօր բանկին, հարևանին, մյուսին 3-5 միլիոն դրամ պարտք ունի:

Ծրագիր մշակվեց, որի մեջ մեր համայնքն էլ ընդգրկվեց: Պետք է 8 հատ հոր հորատվեր, 4 հատ՝ մաքրվեր, և այդ հորերն օգտագործվեինոռոգման նպատակով: Անցյալ տարվա մայիսին էր դա նախատեսված, բայց եղավ հեղափոխությունը, և այդ ամենը դադարեց»,- ասաց Մանվել Օհանյանը:

Համայնքապետը նշեց՝ կցանկանար, որ ոռոգման համակարգի կառավարումը լիներ համայնքապետարանի ենթակայության տակ, ոչ թե ՋՕԸ-ի: Ասում է՝ եթե հորերի հարցը լուծվի, այլևս կարիք չեն ունենա օգտվելու Արմավիրի ջրատարից, որը վերածվել է կոյուղու:

Խոլերա և գարշահոտություն՝ կոյուղաջրերի պատճառով

Ինչպես Զարթոնք համայնքի դեպքում, այստեղ էլ բնակիչները տառապում են Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերի գարշահոտությունից և բացասական հետևանքներից:

«1990-ականներից մաքրման կայանը չի աշխատում, կոյուղաջրերը կանալով գալիս, հեղեղում են գյուղը, անցնում, լցվում Սևջուր գետը: Սանիպետկայանն այդ ջրի մեջ հայտնաբերել է խոլերայի բացիլներ: Չեք պատկերացնում, թե ինչ է այստեղ կատարվում: Բնապահպանական աղետ է, մի գյուղ է կործանվում: 30 տարի է` խնդրում, աղաչում ենք՝ տեր եղեք. տեր չկա», – ասաց վրդովված համայնքապետը:

«Սննդի տեսչությունն անցյալ տարի վերցրել է բանջարաբոստանային կուլտուրաների անալիզներ, սակայն մինչ այժմ արդյունքները պաշտոնապես չեն հայտարարվել»,- հավելեց նա:

Ջեռուցումը՝ փայտով

Ըստ Մանվել Օհանյանի՝ համայնքի 70 տոկոսը ջեռուցման նպատակով օգտագործում է փայտ: Մնացածը հիմնականում օգտվում են գազից: Հոսանքով համայնքում չեն ջեռուցվում:

Փայտն էլ տարեցտարի թանկանում է, 1 խմ-ն ձեռք են բերում 30.000 դրամով: Ձմռանը օգտագործում են 6-10 խմ:

Այցի ժամանակ ԷկոԼուրը տեղեկատվական քարոզարշավ անցկացրեց՝ բնակիչներին ճառագայթային վտանգի դեպքում պաշտպանվելու միջոցառումների մասին անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու նպատակով: Համայնքի տարբեր վայրերում փակցվեցին իրազեկման թռուցիկներ:

Ecolur.or