Սպառողներին մոլորեցնելու բոլոր փորձերը հետևողականորեն կասեցվելու են․ ՍԱՊԾ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը կաթ և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հունվարի 16-ից ուժի մեջ մտած «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի այն դրույթները, որոնք սահմանում են պարտադիր պահանջ. կաթնայուղի փոխարինիչով պատրաստված ապրանքների մակնշման մեջ  այսուհետ պետք է լինի առանձին գրառում բուսական յուղերի առկայության վերաբերյալ, միաժամանակ կաթնայուղի փոխարինիչով արտադրանքը չի կարող ունենալ այնպիսի անվանումներ, որը կմոլորեցնի սպառողին:

ՍԱՊԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ, անդրադառնալով կաթնայուղի փոխարինիչների հետ կապված խնդիրներին, Վահե Դանիելյանը ընդգծել է արտադրանքի ներկայացվող տեխնիկական կանոնակարգում 2018-ից առկա նոր պահանջը, որը վերաբերում է տրանսճարպերի առկայությանը և դրա չափաքանակների նորմավորմանը:

«Ներկայումս տրանսճարպաթթուների առավելագույն թույլատրելի քանակությունը կաթնայուղի փոխարինիչներում կամ ճարպայուղային արտադրանքում սահմանված է 2%,- Վահե Դանիելյանը։- Պետք է գիտակցել, որ եթե անգամ ձեր պատրաստի արտադրանքում չի նորմավորվում դրա չափաքանակները, ավելցուկ արձանագրելու դեպքում, մենք ուսումնասիրություն կսկսենք օգտագործվող հումքում»:

Քննարկման ընթացքում կաթ և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են շուկայում առկա անհայտ ծագման և համեմատաբար մատչելի գնով վաճառվող պանրի մասին, որին Վահե Դանիելյանն արձագանքել է.

«Խնդիրն իսկապես մտահոգիչ է, մի բան է, երբ այն վաճառվում է շուկայում. գյուղացին կարող է իր արտադրանքը վաճառել շուկայում: Սակայն շրջայցերի ժամանակ պարբերաբար անհայտ ծագման պանիր տեսնում ենք նաև իրացման ցանցում, որոնց իրացումը, իհարկե, կասեցնում ենք»:

Ամփոփելով քննարկումը, տեսչության պետը շեշտել է. հետևողականորեն կասեցվելու են սպառողներին մոլորեցնելու բոլոր փորձերը: